16:41 | 20.11.23 | Նորություններ | 9992

Սյունիքում 4 ընտանիք կօգտվի Վիվա-ՄՏՍ-ի Նեղ մասնագիտական ծրագրից

Սյունիքում չորս ընտանիք կօգտվի Վիվա-ՄՏՍ-ի եւ «ՍՈՐՍ» հիմնադրամի «Անհատական օգնական» ծրագրից:

Արդեն 8 տարի Վիվա-ՄՏՍ-ի եւ «ՍՈՐՍ» հիմնադրամի համագործակցության արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրականացվում է «Անհատական օգնական» ծրագիրը: Յուրաքանչյուր ընտանիքում 4 ամիս ներգրավվելով՝ փորձառու, վերապատրաստված անհատական օգնականներն ապահովում են երեխայի շաբաթական 15-ժամյա խնամք, զբաղվածություն եւ հմտությունների զարգացում:

Վերջին երեք տարվա ընթացքում անհատական օգնականի ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաեւ բոլոր մարզերը: Շահառու ընտանիքների թիվն այս տարի անցնում է երկու տասնյակը: Սյունիքի մարզում ծրագրից կօգտվի 4 ընտանիք:

Սյունեցի Օհանյանների ընտանիքը կրտսեր որդու՝ Դավիթի լույս աշխարհ գալուց հետո արդեն հինգ տարի անցնում է այդ ճանապարհով: Մեղրիում զարգացման կենտրոններ չկան, մինչդեռ փոքրիկ Դավիթի խնամքը պահանջում է հատուկ մոտեցում: Փոքրիկի ծնողները լսել են «Անհատական օգնական» ծրագրի մասին, դիմել՝ շահառու ընտանիք դառնալու համար:

Թեեւ ծնողներին հաջողվել է ներառական կրթության շրջանակում ապահովել երեխայի մանկապարտեզ հաճախելն ու ինչ-որ չափով սոցիալականացվել, մասնագիտական աջակցությունն իր էական դերն ունի: Նույն խնդիրն ունեցող եւ նմանատիպ ճանապարհ անցած ընտանիքների հետ շփումն ավելի է ամրապնդել այդ վստահությունը:

Անհատական օգնականները տիրապետում են ոչ միայն նեղ մասնագիտական, այլեւ առաջին օգնության որոշ գիտելիքների, որոնց շնորհիվ կարողանում են անհրաժեշտ խնամք իրականացնել: Մանկավարժ-օգնականները երեխաների հետ աշխատում են տանը, ուղեկցում դպրոցում կամ այլ մանկական կենտրոններում եւ հասարակական վայրերում: Գործում է նաեւ վերահսկողության մեխանիզմ:

Յուրաքանչյուր շաբաթ համակարգող մասնագետներից կազմված խումբն աշխատում է ընտանիքների եւ օգնականների հետ՝ կազմում երեխային աջակցելու շաբաթվա անհատական պլան եւ կարգավորում երեխա-օգնական-ծնող հարաբերությունները: