15:54 | 20.11.23 | Նորություններ | 1315

Սեմ Ալթմանը կմիանա Microsoft-ին

OpenAI-ի նախկին գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը եւ ընկերության համահիմնադիր Գրեգ Բրոքմանը կմիանան Microsoft-ին:

Microsoft-ն աշխատանքի է ընդունել OpenAI-ի համահիմնադիրներ Սեմ Ալթմանին եւ Գրեգ Բրոքմանին, որպեսզի գլխավորեն «արհեստական բանականության նոր առաջադեմ հետազոտական թիմը»։ Այս մասին հայտնել է Microsoft-ի գլխավոր տնօրեն Սաթյա Նադելան։

Նա նշել է, որ ընկերությունը «հավատարիմ է մնում OpenAI-ի հետ համագործակցությանը» եւ «անհամբեր սպասում է Էմմեթ Շիրին եւ OpenAI-ի նոր ղեկավար թիմի հետ ծանոթանալուն՝ միասին աշխատելու համար»: Այսպիսով, նա հաստատել է Շիրի նշանակումը գլխավոր տնօրենի պաշտոնում։

Ալթմանը եւ Բրոքմանը «գործընկերների հետ միասին» կղեկավարեն «արհեստական բանականության ոլորտում նորագույն հետազոտական խումբը»։ Էլ ով կմիանա ընկերությանը, չի նշվում։ Ալթմանը պատասխանել է Նադելլայի հրապարակմանը` գրելով, որ «առաքելությունը շարունակվում է»:



Ավելի վաղ OpenAI-ի տնօրենների խորհուրդը հայտարարեց Ալթմանի ընկերությունից եւ խորհրդի կազմից հեռացման մասին։ Միաժամանակ գլխավոր տնօրենի պաշտոնում ժամանակավորապես նշանակվեց տեխնիկական տնօրեն Միրա Մուրատին։ Նրան հետեւելով՝ համահիմնադիր Գրեգ Բրոքմանը եւ երեք ավագ հետազոտողներ նույնպես հեռացան OpenAI-ից:

Լրատվամիջոցներում քննարկվող վարկածների թվում կան նաեւ այլ տարբերակներ։ Ծրագրի երկարաժամկետ զարգացման վերաբերյալ Ալթմանի տեսակետները եւ էթիկական սկզբունքները կարող են չհամապատասխանել տնօրենների խորհրդի տեսլականին, եւ ֆինանսական ու գործառնական կատարումը կարող է չհամապատասխանել Ալթմանի կանխատեսածին կամ զեկուցմանը:

OpenAI-ի խոշորագույն ներդրողները պահանջում էին նրա վերականգնումը: Դրանց թվում, ըստ լրատվամիջոցների, եղել են Microsoft-ը, Tiger Global-ը, Thrive Capital-ը եւ Sequoia Capital-ը: Նրանք նաեւ պաշտպանել են տնօրենների խորհրդի կազմը վերանայելու եւ դիտորդ նշանակելու գաղափարը։