16:44 | 19.09.22 | Նորություններ | 7447

Թիրախային աջակցություն Վիվա-ՄՏՍ-ից՝ անհատական օգնականների միջոցով

Վիվա-ՄՏՍ-ի եւ ՍՈՐՍ հիմնադրամի համագործակցության արդյունքում հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաների մոտ արձանագրվում է դրական տեղաշարժ.  բարելավվում է նրանց եւ ընտանիքների կյանքի որակը, թեթեւանում է խնամող ծնողի հոգսաշատ առօրյան:

2016թ.-ից իրականացվող՝ «Անհատական-օգնականներ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագիրը վերջին երկու տարիներին ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաեւ Հայաստանի տարբեր մարզերի շահառուների:

Որոշ երեխաների մոտ ակնառու է մտավոր ու ֆիզիկական զարգացման դինամիկա, անձնական օգնականի ուղղորդմամբ հնարավոր է դառնում նրանց ինտեգրումը ներառական կրթության ու սոցիալացման գործընթացում: Անհատական օգնականների աջակցության շնորհիվ ընտանիքում կարողանում են նաեւ լուծել բազմաթիվ հարցեր՝ առողջական, կրթական, աշխատանքային, հասցնում են ժամանակ տրամադրել ընտանիքի մյուս անդամներին եւ փոքր-ինչ հանգստանալ:

Վանաձորցի տասներկուամյա Հայկը, որի մոտ ախտորոշված է ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված), հենաշարժողական խնդիր ունի: Հայկի խնամքը պահանջում է վերականգնողական չընդհատվող բուժում եւ հմտությունների զարգացման առօրյա աշխատանք:

Վիվա-ՄՏՍ-ի եւ ՍՈՐՍ հիմնադրամի գործակցության շրջանակում, Հայկը նոր ուսումնական տարին առավել հանգիստ եւ առանց լարվածության է դիմավորել: Ընտանիքի համար բարդ ժամանակահատվածում, Հայկին օգնել է անհատական օգնականը՝ երիտասարդ Արգամը: Նա իր աջակցությունը չի սահմանափակել մասնագիտական տիրույթում: Ձեւավորված մթնոլորտի շնորհիվ՝ Հայկը ոչ միայն աջակցող մասնագետ, այլեւ ընկեր է ձեռք բերել:

«Ուրախ եմ, որ անցած ամիսների ընթացքում կարողացանք նաեւ մարզերում աշխատատեղ ստեղծել: Հաջողված ընթացքի համար կարեւոր է եղել մեր գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի դերը ոչ միայն ծրագրի իրականացման, այլեւ՝ տեխնիկական աջակցություն դրսեւորելու առումով»,- ասել է ՍՈՐՍ հիմնադրամի հիմնադիր տնօրեն Մարինա Պարազյանը: