13:16 | 19.09.22 | Նորություններ | 1989

DigiTec 2022-ը հետաձգվել է

Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, դրանով պայմանավորված առանձնահատկությունները, առաջիկա օրերին իրավիճակի կայունացման անկանխատեսելիությունը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ստիպված է եղել որոշում ընդունել հետաձգելու ԴիջիԹեք վեհաժողովի եւ ցուցահանդեսի անցկացումը։

«Բոլոր պայմանագրերն ու ծրագրերը մնում են ուժի մեջ՝ նոր ժամկետում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք միջոցառումից առնվազն 4 շաբաթ առաջ։ Գիտակցում ենք ստեղծված անհարմարությունը հատկապես մասնակից կազմակերպությունների համար, սակայն համոզված ենք, որ բոլորը կիսում են մեր մտահոգությունն ու այն համարում հիմնավորված։

Մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերների հաղթահարման ճանապարհն ուժեղ արդյունաբերություն ունենալն է, ինչին էլ 2005 թ.-ից ի վեր ծառայում է ԴիջիԹեք ցուցահանդեսը։ Ուստի այն պարտադիր կանցկացվի՝ իրավիճակի կայունացումից եւ համապատասխան միջավայրի վերականգնումից անմիջապես հետո»,- ասված է ԱՏՁՄ հայտարարության մեջ:

ԱՏՁՄ-ն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը նախատեսում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրականացնել տարածաշրջանում ոլորտային ամենածավալուն «ԴիջիԹեք 2022» միջոցառումը, որի ընթացքում միաժամանակ կընթանային DigiTec 2022 ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը եւ DigiTec Summit միջազգային վեհաժողովը: