16:24 | 01.02.22 | Հոդվածներ | exclusive 13421

NFT շուկայի փլուզումը սարերի հետեւում չէ

Ներկայացնում ենք հատվածներ Կառավարման զարգացման ինստիտուտի ռազմավարության եւ նորարարության պրոֆեսոր Պատրիկ Ռեյնմյոլերի եւ ֆինանսների պրոֆեսոր Կարլ Շմեդերսի հոդվածից՝ գրված Project Syndicate-ի համար:

2021 թվականի մարտին Christie's աճուրդի տունը նկարիչ Բիպլիի կողմից ստեղծված JPEG ձեւաչափի ֆայլը վաճառել էր 69,3 միլիոն դոլարով, ինչը թվային արվեստի ռեկորդ դարձավ: «Բնօրինակ» JPEG-ի, որը վերնագրված էր «Առօրեաբար. առաջին 5000 օրը», սեփականության իրավունքը, պաշտպանված էր որպես եզակի տոկեն կամ NFT:

Այդ ժամանակից ի վեր NFT-ները շատ տարածված են դարձել: 2021 թվականին ներդրողները շուկա են ներդրել 27 միլիարդ դոլար, իսկ Meta ընկերությունը (Facebook-ի մայր ընկերությունը) ներկայումս ծրագրում է թույլ տալ օգտվողներին ստեղծել եւ վաճառել NFT-ներ: Կա միայն մեկ խնդիր. NFT շուկան ի վերջո կփլուզվի՝ տարբեր պատճառներով:

Ըստ էության, NFT-ն առեւտրային ծածկագիր է, որը կցված է մետատվյալներին, օրինակ՝ պատկերին: Համակարգիչների պաշտպանված ցանցը գրանցում է վաճառքը թվային մատյանում (բլոկչեյն), որը գնորդին տրամադրում է ինչպես ինքնության, այնպես էլ սեփականության ապացույցներ: NFT-ները սովորաբար վճարվում են Ethereum կրիպտոարժույթով եւ, ինչն ավելի կարեւոր է, պահպանվում են Ethereum բլոկչեյնի կիրառման միջոցով:

Ինչպես մյուս շուկաներում, որոնք պայմանավորված են առատությամբ եւ իմպուլսիվ գնումներով, շատ ներդրողներ կարող են «այրվել» NFT-ի արագ զարգացող եւ սպեկուլյատիվ շուկայում: Ներկայիս խելագարությունը կարելի է համեմատել 1634-ից 1637 թվականների հոլանդական վարդակակաչների մոլուցքի հետ, երբ որոշ կոչղեզներ նախքան էյֆորիայի ցրվելը եւ պղպջակի պայթելն արժեին մի ամբողջ հարստություն:

photo © REUTERS


Հավանաբար, NFT շուկան կարժանանա նույն ճակատագրին, սակայն ոչ բնապահպանական խնդիրների պատճառով, ինչպես ոմանք կարող են կարծել: Անկասկած, NFT-ները զգալի քանակությամբ էներգիա են սպառում, քանի որ կրիպտոարժույթները «հայթայթվում են» համակարգչային ցանցերի միջոցով, որոնք ունեն մեծ ածխածնային հետք, որն յուրաքանչյուր տրանզակցիայի հետ միայն աճում է: Սակայն կլիմայի վրա ազդեցությունը պարզապես շեղող քայլ է: Իրական խնդիրն այն է, որ ներկայիս NFT բումը կառուցված է ավազի վրա:

Սկսենք անսահման առաջարկության խնդրից: NFT-ներն առաջարկում են թվային ակտիվի տիրակալում, սակայն ոչ իրավունք՝ արգելել ուրիշներին օգտագործել դրա թվային պատճենները: Պատճառներից մեկը, թե ինչու են հարուստ ներդրողները պատրաստ վճարել տասնյակ միլիոնավոր դոլարներ (կամ ավելի) արվեստի ավանդական ֆիզիկական գործերի համար, ինչպիսիք են Ռեմբրանդտը, Վան Գոգը կամ Մոնեն, այն է, որ գլուխգործոցների թիվը սահմանափակ է. նկարիչները վաղուց մահացել են եւ չեն կարող արվեստի նոր գործեր ստեղծել։ Մյուս կողմից, NFT-ների պատճենները կարող են ապրանք դառնալ:

photo © REUTERS


Ավելին, ինչպես բոլոր թվային օբյեկտների դեպքում, ոչ մի տարբերություն չկա բնօրինակ JPEG ֆայլի, որը վաճառվել է 69,3 միլիոն դոլարով, եւ առցանց անվճար ներբեռնված օրինակի միջեւ: Տեսականորեն, օրինականորեն օգտագործելի NFT-ների առաջարկությունն անսահման է, ինչը կարող է հավանականորեն հանգեցնել դրանց նկատմամբ չափազանց մեծ պահանջարկի եւ գների փլուզում հրահրել:

Քանի որ բլոկչեյնն ի վիճակի չէ պահպանել իրական հիմնական թվային ակտիվը, ոմանք, գնելով NFT, գնում են թվային արվեստի գործի հղում, այլ ոչ թե հենց արվեստի գործ: Չնայած գնորդները հեղինակային իրավունք են ձեռք բերում հղման նկատմամբ, անվերջ առցանց NFT ցուցադրման շուկաների մոնիտորինգի տրանզակցիոն ծախսերն  ապօրինի օգտագործման հայտնաբերման եւ խախտումների դեմ քրեական հետապնդման եւ դատական հայցերի պատճառով գրեթե անհնարին են դարձնում հեղինակային իրավունքի պահպանումը կամ չարաշահման կանխումը: Դա խիստ սահմանափակում է ակտիվի մոնետիզացիան:

NFT-ների արժեքը կարող է գոլորշիանալ, եթե կրիպտոն կամ բլոկչեյնին փոխարինող ավելի առաջադեմ տեխնոլոգիաների հաջորդ ալիքն անհամատեղելի լինի NFT-ի անվտանգ սեփականության հետ: Այն ընկերությունները, որոնք այսօր զբաղվում են NFT-ով, վաղը կարող են անհետանալ՝ սեփականության հետ կապված շփոթություն առաջացնելով:

NFT շուկայի հիմքում ընկած կրիպտոարժույթների գների անկայունության ցուցանիշը նույնպես առանցքային խնդիրներից մեկն է: NFT-ների գները հակված են շարժվել կրիպտոարժույթների գներին համընթաց: Երբ 2018 թվականին կրիպտոարժույթը փլուզվեց, նույնը տեղի ունեցավ նոր գոյացող NFT շուկայի հետ:

photo © REUTERS


Մակրոտնտեսական պայմանների փոփոխությունը կարող է բացասաբար ազդել այլընտրանքային ակտիվների գների վրա, ինչպիսիք են NFT-ները եւ ավանդական արվեստը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում միլիարդատերերի թիվն ամբողջ աշխարհում ավելի քան հնգապատկվել է, եւ արդյունքում գրանցվել է հասանելի եկամտի կտրուկ աճ, որը կարող է ներդրվել այլընտրանքային ակտիվների դասերում: COVID-19 համաճարակը մինչ այժմ ամրապնդում էր այս միտումը։ Կենտրոնական բանկերի կողմից ներդրված հսկայական տնտեսական խթանների մեծ մասն ուղղվել էր դեպի ֆինանսական շուկաներ եւ այդպիսով էլ ավելի մեծացրել գերհարուստների մաքուր կապիտալը:

Սակայն ներդրողների ուշադրությունը կարող է անցողիկ լինել: 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո արվեստի եւ այլ շքեղ ապրանքների վաճառքը նվազեց գրեթե 40%-ով։ Այժմ, երբ կենտրոնական բանկերը սկսում են խստացնել դրամավարկային քաղաքականությունը՝ փորձելով զսպել գնաճը, ակտիվների նոր դասերը, որոնք դեռ չէին դարձել հանձնարարելի, ամենայն հավանականությամբ, ավելի շատ կտուժեն, քան ավելի ապահով ակտիվները: Եվ չափազանց անկայուն NFT շուկան, որը հիմնված է չհիմնավորված թվային արժույթների վրա, դժվար թե ապահով ապաստան լինի:

Ի վերջո, NFT գները շարունակաբար կնվազեն: Այս պահին դրանք բարձր են մնում եւ կարող են որոշ ժամանակ շարունակել աճել, սակայն փլուզումը սարերի հետեւում չէ։

Copyright: Project Syndicate, 2022.
www.project-syndicate.org