14:08 | 25.01.22 | Հոդվածներ | 2289

«Ոչ պատահական պատահականությունները» եւ Krisp-ի ծնունդը

Krisp ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը LinkedIn-ի իր էջում պատմել է Krisp-ի հիմնադրման պատմությունը, որը մի շարք «ոչ պատահական պատահականությունների» շղթա է:

Անգլերենից թարգմանված գրառումը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Սա իրական պատմություն է մարդկանց մասին, որոնք պատահաբար հանդիպեցին եւ դարձան լավագույն ընկերներ՝ ստեղծելով հրաշալի եւ նորարար մի ընկերություն:

Ես եւ Արտո Մինասյանը առաջին անգամ հանդիպեցինք դեռեւս 2016 թվականին: Այդ ժամանակ ես Սան Ֆրանցիսկոյում էի ապրում, իսկ Արտոն եկել էր իր ստարտափի համար ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով: Ինչպես հետագայում պարզվեց, երկուսս էլ դժկամորեն էինք տրամադրված այդ օրը հանդիպելուն: Բայց քանի որ մեզ միմյանց ծանոթացրել էր մտերիմ ընկեր, պարտավոր էինք ներկա գտնվել հանդիպմանը: Դա սովորական հանդիպում էր, բացառիկ ոչինչ չկար: Ո՜վ իմանար, որ այն երկուսիս համար էլ ճակատագրական էր:

Մեր երկրորդ հանդիպումն իմ՝ Երեւան այցի ժամանակ էր 2017 թվականի ամռանը: Այդ ժամանակ ես աշխատում է Twilio-ում (ամերիկյան ամպային հաղորդակցության պլատֆորմ.՝ հեղ.) եւ խաղաղօվկիանոսյան ժամանակով առավոտյան պարբերական հանդիպումներ էի ունենում Սան Ֆրանցիսկոյի թիմի հետ:

Համատեքստի ընկալման համար նշեմ, որ Երեւանը 12 ժամով առաջ է Սան Ֆրանցիսկոյից: Եթե դու ամռանը Երեւանում ես, չես ցանկանում երեկոյան ժամերին տանը նստել: Ուզում ես դուրս գալ՝ վայելելու եղանակն ու ըմպելու թարմացնող խմիչքներ: Այսպիսով՝ ինձ խիստ անհրաժեշտ էր «կախարդական կոճակ», որը սեղմելիս կվերանար ինձ շրջապատող ամբողջ ֆոնային աղմուկը՝ որոշակի առանձնություն ապահովելով ինձ համար աշխատանքային զանգերին միանալիս:

Այդ օրերից մեկում էլ ես ու Արտոն հանդիպեցինք՝ միասին սրճելու եւ քննարկեցինք շատ տարբեր բաներ, ամեն ինչ՝ բացի միասին ստարտափ աշխատեցնելուց: Հանդիպման ավարտին ես հակիրճ կիսվեցի իմ՝ աղմուկը չեզոքացնող արհեստական բանականության վրա հիմնված կոճակի գաղափարով:

Ի զարմանս ինձ՝ գաղափարն հիացմունք առաջացրեց Արտոյի մոտ: Ըստ երեւույթին, նա փնտրում էր արհեստական բանականությամբ լուծվող խնդիր, որի վրա կաշխատեր:

Արտոյի մաթեմատիկայի թեկնածուական ատենախոսության թեման Թվային ազդանշանի մշակման պրոցեսորը եւ մեքենայական ուսուցումն էր: Արտոն այնքան ոգեւորված էր, որ անմիջապես սկսեց աշխատել դրա ուղղությամբ:

Մեկ տարի անց՝ 2018 թվականի հոկտեմբերի 5-ին, ես դուրս եկա Twilio-ից, իսկ հոկտեմբերի 7-ին մենք պաշտոնապես մեկնարկեցինք Krisp-ը:
- Եթե չհանդիպեինք 2016-ին, Krisp-ը չէր լինի:

- Եթե Երեւանում չգնայինք սրճելու 2017-ին, Krisp-ը չէր լինի:

- Եթե սուրճի հանդիպման ընթացքում չկիսվեի իմ գաղափարով, Krisp-ը չէր լինի:

- Եթե Արտոն այդ ժամանակ փնտրելիս չլիներ արհեստական բանականության հիմքով գաղափար, Krisp-ը չէր լինի:

Կյանքը գեղեցիկ է, այնպես չէ՞:

Գայանե Ենոքյան