17:54 | 25.01.22 | Հոդվածներ | exclusive 12701

Ավտոտնակում հիմնված SAP-ը՝ ոգեշնչման աղբյուր SAP Startup Factory by BANA-ի համար

The Factory by BANA-ի նորաբաց co-working space-ում տեղի է ունեցել SAP Startup Factory by BANA աքսելերացիոն ծրագրի դեմո օրը:

2021թ. հունիսին գերմանական առաջատար SAP ընկերությունը եւ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA) հայտարարեցին Հայաստանում BANA-ի կողմից SAP Startup Factory-ի հիմնադրման մասին:

SAP Startup Factory-ի հիմնումը հնարավոր է դարձել ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցության շնորհիվ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից, իրականացվում՝ GIZ-ի կողմից:

photo © Մեդիամաքս


16 շաբաթ տեւողությամբ ծրագրի ընթացքում SAP Startup Factory-ի մասնակից 8 ստարտափները հնարավորություն են ունեցել գիտելիքներ ստանալ SAP մասնագետներից եւ միջազգային փորձագետներից:

«Ուրախ ենք այս ամենի մաս կազմել, որովհետեւ համագործակցությունն իսկապես հաջողված է: Այսօր մենք տեսնում ենք դրա արդյունքները: ITTD-ն նախագիծ է, որն աշխատում է զբոսաշրջության եւ տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Այս երկու ոլորտներում էլ մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանում», - տեսաուղերձում ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի պետ Ֆրանկ Հեսսը։

photo © Մեդիամաքս


ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոյի խոսքով՝ SAP Startup Factory-ն Հայաստանում նորարարական համակարգի ուշագրավ օրինակ է ստեղծել.

«Աշխարհում, որում ապրում ենք, տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություններ է ստեղծում: Իհարկե, կան բազմաթիվ մարտահրավերներ, կպահանջվի ժամանակ, բայց մենք ունենք ճգնաժամից դուրս գալու ու զարգանալու հնարավորություն», - ասել է Վիլհելմ Հուգոն:

Վիլհելմ Հուգոն Վիլհելմ Հուգոն
photo © Մեդիամաքս


Նա կարեւորել է այս ու նմանատիպ ծրագրերի դեպքում մասնավոր հատվածի հետ աշխատանքը.

«Մենք ցանկանում ենք ավելացնել աշխատանքի հնարավորությունները, խթանել համագործակցությունն ու կապերը Հայաստանում, տարածաշրջանում ու գլոբալ մակարդակով»:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը եւս կարեւորել է հանրային ու մասնավոր հատվածների երկխոսությունը.

Ռաֆայել Գեւորգյանը Ռաֆայել Գեւորգյանը
photo © Մեդիամաքս


«Էկոնոմիկայի նախարարության տեսանկյունից նման միջոցառումներն ու նախաձեռնությունները շատ կարեւոր են: Կարեւորում ենք նաեւ հանրային ու մասնավոր հատվածների երկխոսությունը: Մենք լսում ենք մասնավոր հատվածի մտահոգություններն ու խնդիրները, եւ կառավարությունը փորձում է լուծել դրանք: Հաճախ բոլոր խնդիրները չենք կարողանում լուծել, բայց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ու այլ գործընկերների աջակցությամբ փորձում ենք լուծել առնվազն դրանց մի մասը», - ասել է նախարարի տեղակալը:

photo © Մեդիամաքս


«Աքսելերացիոն այս ծրագրի կարեւորագույն նպատակներից մեկն էր, որ ստարտափները սովորեն՝ ինչպես ղեկավարել բիզնեսը, ինչպիսի տեխնոլոգիաներ կիրառել», - ասել է SAP Labs CIS ընկերության գործադիր տնօրեն Անդրեյ Բիեվետսկին:

Նա հիշել է SAP ընկերության ստեղծման ու զարգացման պատմությունը.

«Այս տարի SAP-ը 50 տարեկան է դառնում: 50 տարի առաջ այն 5 ինժեներների կողմից Մայնհայմում հիմնված ավտոտնակային սթարթափ էր: Անհավատալի է, որ այդ 5 տղաները հիմնել են ընկերություն, որն այսօր ավելի քան 107 հազար աշխատակից ունի ու Գերմանիայում ամենամեծ արժեք ունեցողն է: Եթե հետ եմ նայում, տեսնում եմ, որ ստեղծման առաջին 10 տարիների ընթացքում SAP-ն աճել էր ընդամենը 18 աշխատակցով: Սա ասում եմ, որ հասկանաք՝ ստարտափ հիմնելն ու զարգացնելը հեշտ գործ չէ, բայց տեխնոլոգիաները փոխում են մարդկանց կյանքը դեպի լավը»:

Անդրեյ Բիեվետսկին Անդրեյ Բիեվետսկին
photo © Մեդիամաքս


SAP Startup Factory-ի ծրագրերի ղեկավար Մանանա Մելքոնյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է ստարտափների հետ կատարված աշխատանքը.

«Ծրագրի գլխավոր նպատակն էր համապատասխանեցնել դրանք SAP արտադրանքին ու ներկայացնել SAP Store-ում, ինչը հասանելի կդարձներ ավելի քան 440 հազար հաճախորդ ունեցող շուկան»:

Մանանա Մելքոնյանը Մանանա Մելքոնյանը
photo © Մեդիամաքս


Նա նշել է՝ այսքանով ստարտափների շուկան զարգացնելու ուղղությամբ աշխատանքը չի ավարտվում ու շուտով կազդարարվի նոր նախագծի մեկնարկը.

«Ամենաոգեւորող լուրն այն է, որ շուտով կսկսենք նոր՝ տարածաշրջանային ծրագիր: Եթե ունեք B2B ստարտափ ու ԱՊՀ տարածաշրջանից եք, հետեւեք մեր պաշտոնական էջերին ու պատրաստ եղեք դիմել», - ասել է SAP Startup Factory-ի ծրագրերի ղեկավարը:

photo © Մեդիամաքս


Միջոցառման ավարտին SAP Startup Factory by BANA-ի աքսելերացիոն ծրագրի մասնակից ստարտափները ներկայացրել են իրենց գաղափարները:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի