12:56 | 14.01.21 | Նորություններ | 3748

TikTok-ն անչափահասներին առնչվող հերթական սահմանափակումներն է ներկայացրել

TikTok հավելվածը մի շարք սահմանափակումներ է մտցրել 18 տարեկանից ցածր օգտատերերի համար:

Այժմ 13-15 տարեկանների հաշիվներն ավտոմատ կերպով մասնավոր են դարձել:

Դրանք կարող են դիտվել միայն հաստատված բաժանորդների կողմից, իսկ 16 տարեկանից ցածր անձանց կողմից տեղադրված տեսանյութերի վերաբերյալ մեկնաբանությունները թույլատրված են միայն «ընկերներին»: Մյուսները չեն կարողանա մուտք գործել երեխայի հաշիվ:


TikTok-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, նոր միջոցառումները պետք է օգնեն դեռահասներին «հարթակում զարգացնել կոնտենտի հրապարակման եւ հաղորդակցման պատասխանատու մոտեցում»:

«TikTok-ը ձգտում է հարթակում ստեղծել ընկերական եւ անվտանգ միջավայր, որպեսզի բոլոր օգտատերերը, ներառյալ անչափահասները, կարողանան ազատ կիսվել իրենց ստեղծագործական հնարավորություններով», - պարզաբանել է ընկերությունը:


Նոր կանոններն ուժի մեջ են մտել հունվարի 13-ից: Նշվում է, որ «Առաջարկեք ձեր հաշիվը ուրիշներին» պարամետրը անջատված կլինի 13-15 տարեկան օգտատերերի համար:

2019-ի փետրվարին ԱՄՆ իշխանությունները $5,7 մլն-ով տուգանեցին TikTok-ին՝ անչափահասների անուններ, էլեկտրոնային հասցեներ եւ գտնվելու վայրի մասին տեղեկատվություն հավաքելու համար: Դրանից հետո հավելվածում հայտնվեց մի ամբողջ բաժին, որտեղ երեխաները կարող են դիտել միայն տեսանյութեր, սակայն բովանդակություն կամ մեկնաբանություն չհրապարակել:


2020-ին TikTok-ի մշակողները ավելացրեցին Ընտանեկան անվտանգության ռեժիմը, որը ծնողներին թույլ է տալիս անչափահասներից թաքցնել անցանկալի բովանդակությունը, սահմանափակել կամ ամբողջությամբ անջատել անձնական հաղորդագրությունները: