11:18 | 14.01.21 | Նորություններ | 3664
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։
Հանդիպմանը նախարարը կարեւորել է բարձր տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններով երկու երկրների միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացումն ու համատեղ ծրագրերի իրագործումն ու զարգացումը։
Դեսպան Նիկո Սխերմերսին նշել է, որ իր համար պատիվ է աշխատել Հայաստանում, տեղյակ է հայկական տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների մասին, անձամբ հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաներով եւ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում նպաստել երկու երկրների միջեւ տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ընդլայնմանը։
Նախարար Արշակյանը դեսպանին է ներկայացրել հայկական տեխնոլոգական ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները, ընթացիկ ծրագրերը, այդ թվում՝ «Վիրտուալ կամուրջ», «Ինժեներական քաղաք», «Կիբերանվտանգության գերազանցության կենտրոն»: Նախարարը կարեւորել է նաեւ կրթական, վերամասնագիտացման ծրագրերը՝ բուհ- մասնավոր հատված համագործակցության ֆորմատով:
«Մեր տարբեր ծրագրերի միջոցով նպատակ ունենք կապ ստեղծել մարզերի եւ Երեւանի միջեւ, ինչպես նաեւ Հայաստանը կապել աշխարհի տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ համագործակցության հնարավորություններ ստեղծելով առաջատար ընկերությունների եւ հնարավոր ներդրողների հետ»,- ասել է նախարարը՝ նշելով, որ Հայաստանն ունի տեխնոլոգիական մտքի մեծ ներուժ։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ կիբեռանվտանգությանը, արհեստական բանականությանը, Հայաստանի թվային օրակարգին եւ մի շարք այլ ուղղություններով իրականացվող աշխատանքներին:
Դեսպան Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատել հայ-նիդերլանդական համագործակցության խորացման ուղղությամբ: