11:19 | 11.01.21 | Նորություններ | exclusive 4246

Հայկական Quality Testing Lab-ը՝ ոլորտի 10 ամենախոստումնալից ընկերությունների շարքում

Հայաստանում հիմնադրված Quality Testing Lab ընկերությունը CIOReview վերլուծաբանների միջազգային խմբի կողմից հրապարակված զեկույցում ընդգրկվել է ծրագրերի թեստավորման ծառայություններ մատուցող 10 ամենախոստումնալից ընկերությունների շարքում։  

CIOReview միջազգային ընկերությունը յուրաքանչյուր տարվա ավարտին հրապարակում է տարվա տեխնոլոգիական ընկերությունների մասին զեկույց: 2020 թվականի թեստավորման ծառայությունների մատուցման լավագույն ընկերությունների տասնյակում տեղ է գտել նաեւ Quality Testing Lab-ը։


Ընկերության հիմնադիր Արամայիս Հովհաննիսյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ Quality Testing Lab-ը տրամադրում է ծրագրերի թեստավորման ծառայությունների ամբողջական փաթեթ իր գործընկերներին։

Թեստավորման ոլորտը մեծ պահանջարկ է վայելում ամբողջ աշխարհում եւ Հայաստանում այս ոլորտը զարգացում է ապրում շատ արագ տեմպերով։

«Quality Testing Lab-ը ներկայում outsource ծառայություն մատուցող ընկերություն չէ, ինչպիսին որ էր, երբ այն հիմնադրեցինք։ Թեստավորումը որպես ծառայություն ենք մատուցում, որով օգնում ենք մեր գործընկեր կազմակերպություններին»,- նշել է Արամայիս Հովհաննիսյանը։


Ընկերությունն առաջիկայում պլանավորում է մեծացնել թիմը, ինչպես նաեւ վաճառքի գրասենյակներ բացել այլ երկրներում։

Quality Testing Lab-ը հիմնադրվել է 2015թ. եւ իր ծառայություններն է մատուցում Հայաստանում եւ ամբողջ աշխարհում։ Ընկերությունը տրամադրում է թեստավորման ծառայություններ տարբեր ոլորտներում՝ բանկային, խաղային, կրիպտոարժույթների, ecommerce, առողջապահական ծրագրերի, լոգիստիկ եւ այլ պահանջարկ վայելող ոլորտներում: