07:24 | 08.06.16 | Հոդվածներ | exclusive 11121

Quality Testing Lab-ը Հայաստանում պրոդուկտի թեստավորման մշակույթ է ստեղծում

Quality Testing Lab հայկական նորաստեղծ ընկերությունը թեստավորման ծառայություններ է մատուցում ստարտափներին եւ կայացած ՏՏ ընկերություններին:

Itel.am-ի հետ զրույցում ստարտափի համահիմնադիր Արամայիս Հովհաննիսյանը նշել է, որ կատարում են տարբեր տեսակի թեստավորումներ, այդ թվում՝ ֆունկցիոնալ, հարմարավետության եւ այլն: Գործընթացի ավարտին ընկերությունը ներկայացնում է աշխատանքի վերջնական արդյունքը՝ մատնանշում խնդիրները եւ հանդես գալիս առաջարկներով:

«Հայաստանում կան լավ պրոդուկտ ունեցող ստարտափներ՝ պատրաստ ներկայանալու ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի շուկայում: Սակայն լինում են դեպքեր, երբ առանց վերջնական թեստավորման պրոդուկտը շուկա են ուղարկում, ինչը յուզերի մոտ այնքան էլ հաճելի տպավորություններ չի առաջացնում, քանի որ առկա են լինում խոտաններ: Թեստավորումը հենց այստեղ է անհրաժեշտ. այն հարկավոր է իրականացնել մինչեւ պրոդուկտը շուկայում ներկայացնելը»,- ընդգծել է Արամայիս Հովհաննիսյանը:



Quality Testing Lab-ի թիմը 5 հոգուց է բաղկացած:

«Մեր ունեցած գործիքների օգնությամբ կարող ենք պարզել, թե տվյալ կայքը կամ հավելվածը քանի օգտագործող (user) ունենալու պարագայում նորմալ կաշխատի, եւ քանիսի պարագայում կառաջանան որոշակի խնդիրներ: Ցանկանում ենք հետագայում ավտոմատացված ստուգումների սեփական համակարգ ստեղծել»,- նշել է Արամայիս Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` ներկայում ծառայությունները մատուցում են ամենահարմար գներով, որպեսզի դա մատչելի լինի թե՛ ստարտափներին, թե՛ կայացած ընկերություններին:
 
«Աութսորս թեստավորման ծառայություննները նորություն են ամբողջ աշխարհում: Թեստավորումը պահանջարկ է վայելում բոլոր շուկաներում, այդ թվում՝ հայաստանյան: Աութսորս թեստավորումն ամենաանկախ տարատեսակն է համարվում: Տարիներ առաջ թեստավորողը Հայաստանում մասնագետ էր, որը ստանում էր շատ ցածր աշխատավարձ: Սակայն պետք է հասկանալ, որ թեստավորումն իրենից բարդ մեթոդոլոգիա է ներկայացնում: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ ունենանք թեստավորող լավ մասնագետներ ոչ միայն մեր ընկերությունում, այլեւ ամբողջ Հայաստանում»,- եզրափակել է Արամայիս Հովհաննիսյանը:

Նարինե Դանեղյան