14:22 | 14.09.20 | Նորություններ | 2090

Աղբյուր. Oracle-ն ու TikTok-ը համաձայնության են եկել

TikTok հարթակի՝ ԱՄՆ-ում գործունեություն ծավալելու շուրջ բանակցություններն այդ երկրի իշխանությունների հետ մոտեցել են ավարտին:

The Wall Street Journal-ի տեղեկություններով, Microsoft-ին այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ ընկերության հետ՝ այն գնելու հարցով: Նշվում է, որ փոխարենը դա հաջողվել է Oracle-ին, սակայն գործարքը չի ավարտվի TikTok-ի վաճառքով:

Ամենայն հավանականությամբ, Oracle-ը կզբաղվի ԱՄՆ տարածքում ծառայության տեխնոլոգիական մասի ապահովմամբ, ինչպես նաեւ կվերահսկի օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության գործընթացը:

Միաժամանակ, Չինաստանի CGTN պետական լրատվականը հաղորդում է, որ Oracle-ի հետ գործարքի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը:


Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը մեղադրում է TikTok-ին՝ Չինաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:  TikTok-ն, իր հերթին, նշում է, որ ամերիկացի օգտատերերի տվյալները պահպանում է ոչ թե Չինաստանում, այլ Սինգապուրում գտնվող սերվերներում:

Թրամփը օգոստոսին TikTok-ին 90 օր ժամանակ տվեց, որպեսզի վերջինս կամ վաճառեր հավելվածը ամերիկյան ընկերության, կամ հրաժարվեր ԱՄՆ-ում գործելու մտադրությունից: Եթե ընկերությունը չդադարեցնի գործունեությունը մինչեւ նոյեմբերի 12-ը, այն կարող է արգելափակվել:

TikTok-ն ԱՄՆ տարածքում ունի ավելի քան 100 մլն օգտատեր, 1500 աշխատակից: Ընկերությունը մտադիր է առաջիկայում շուրջ 10 հազ. նոր աշխատատեղ ավելացնել: