11:43 | 14.09.20 | Նորություններ | 1905
Նոր կորոնավիրուսի համավարակը ARLOOPA ընկերության վրա ունեցավ եւ՛ բացասական, եւ՛ դրական ազդեցություն:
Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշել է X-TECH ընկերության տնօրեն եւ ARLOOPA ընկերության համահիմնադիր Արման Աթոյանը։
Նրա խոսքով, բացասական ազդեցությունն այն էր, որ համավարակի պայմաններում առեւտրի կենտրոնները փակ էին, ցուցահանդեսներ չէին անցկացվում, եւ ընկերությունները չէին պատվիրում ARLOOPA-ի լրացված եւ վիրտուալ իրականության մշակումներն իրենց ապրանքները եւ ծառայությունները ներկայացնելու համար։ Իսկ դրական ազդեցություն այն էր, որ, մասնավորապես, հուլիսին արձանագրվեց ARLOOPA հավելվածի ներբեռնումների 450 տոկոս օրգանական աճ։
Արման Աթոյանը նշել է, որ հավելվածի ներբեռնումների աճն արձանագրվել է Հնդկաստանի ուսուցիչների հաշվին. «Նրանք մեր եռաչափ մոդելների գրադարանից ընտրում են տարբեր տեսակի մոդելներ, որոնց միջոցով ստեղծում են հետաքրքիր տեսաբովանդակություն։ Դրա ֆենոմենալ շարունակություն այն է, որ ուսուցիչները աշակերտներին հանձնարարում են, որ իրենք պատրաստեն տեսաբովանդակություն»։
Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ հայաստանցի ուսուցիչները եւս տեսաբովանդակություն են ստեղծել ընկերության մոդելների միջոցով, սակայն դրանց օգտագործումը Հայաստանի մանկավարժների շրջանում զանգվածային բնույթ չի կրում։
«Տեսաբովանդակության ստեղծման առումով մեր ուսուցիչները ակտիվ չեն։ Իրենք բլոգերի ձեւաչափով գրում են, բայց որպես նյութի տեսակ տեսաբովանդակություն քիչ են ստեղծում։ Այդ տեսակի մեդիագրագիտության խնդիր ունենք, այսինքն՝ պետք է ուսուցիչներին էլ սովորեցնել»,- նկատել է նա՝ հավելելով, որ թեեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հետաքրքրություն ցուցաբերել է ARLOOPA-ի մշակումները կրթական համակարգում կիրառելու հարցում, դրա լուծումը կապված է որոշակի դժվարությունների հետ։
«Դասագրքի՝ լրացված իրականության մեթոդով ներկայացվող նյութերը եւս պետք է շատ ատյաններով հաստատումներ ստանան առ այն, որ դա դիդակտիկ նյութ է, կից է, համապատասխանում է համատեքստին։ Դասագրքերի հեղինակների եւ հրատարակիչների համաձայնություն էլ է պետք, քանի որ հեղինակային իրավունքը եւ մտավոր սեփականությունը պատկանում է այդ մարդկանց,- պարզաբանել է նրա,- դրա համար ավելի տրամաբանական է միանգամից գնալ ծնողների մոտ, մարդկանց տուն, միանգամից հայտնվել հեռախոսի մեջ։ Բայց այդ նոր ստեղծվող նյութը չի ունենա կախում արդեն եղած դասագրքից եւ դրա հաստատումներից։ Իհարկե, դա պետք է արվի մասնագետների հետ համագործակցությամբ»։
Որպես հնարավոր օրինակ ներկայացվել է ուսուցիչների հետ պայմանավորվածությամբ դասագրքերում տեղ գտած փորձերը վիրտուալ նյութ դարձնելը, որ երեխաներն իրենց տանն այդ փորձերը տեսնեն։ ARLOOPA-ի եւ մանկավարժների համագործակցության նախադեպեր արդեն կան, երբ նրանց առաջարկով ընկերությունը վերջերս իր հավելվածում տեղադրել է ծավալային տառեր եւ տարածաչափական օբյեկտներ։
Տեղեկացնելով, որ 2016-ին աշխարհում ընդհանուր մոբայլ վիրտուալ իրականության նյութերի ներբեռնումների 1 տոկոսը (1,5 մլն ներբեռնում) բաժին է հասել ARLOOPA հավելվածին՝ Արման Աթոյանը պարզաբանել է՝ զուտ ներբեռնումը ընկերությանը գումար չի տալիս, որովհետեւ հավելվածն անվճար է, բայց հավելվածի մեջ կան վճարովի գործառնություններ։ «Եթե հայտնի մարդն ունի երկրպագուների մեծ բազա, նրա ստեղծած բովանդակությունն արդեն արժեք ունի։ Հայաստանում կան տարբեր բլոգերներ, որոնք ունեն բազմահազար հետեւորդներ։ Բլոգերներն ARLOOPA-ով տեսանկարահանում են շատ հետաքրքիր բովանդակություն, եւ այն ունենում է տասնյակ անգամ ավելի շատ ցուցադրումներ, քան սովորական տեսանյութերը»,- ընդգծել է նա։
Արժեքավոր բովանդակության ստեղծման ուղղությամբ համագործակցության մյուս տարբերակն այն է, երբ մարդիկ ARLOOPA-ում վաճառում են իրենց ստեղծած բովանդակությունը։ «Օրինակ, երեխան սովորում է աստղագիտություն, նրա համար դժվար է պատկերացնել այդ բոլոր երեւույթները։ Մի տաղանդավոր երեխա կարող է այդ երեւույթները ձայնային ուղեկցմամբ, իր անիմացիաներով ներկայացնել եւ այդ բովանդակությունը մեր հավելվածի միջոցով վաճառել։ Մենք վաճառքի գումարի 70 տոկոսը տալիս ենք իրեն, 30 տոկոսը՝ պահում մեզ, որ հոգանք մեր ծախսերը»,- նշել է Արման Աթոյանը՝ հավելելով, որ նման համագործակցության հեռանկարային ուղղություն է, մասնավորապես, զբոսաշրջային բովանդակությունը։
Համագործակցության մեկ այլ տարբերակ է որոշակի նախագիծն արտաքին ֆինանսավորմամբ իրականացնելը։ «Մեկը կարող է մեզ դիմել քիմիայի կամ ֆիզիկայի թեմայով, օրինակ, 10 փորձերից բաղկացած փաթեթ ստեղծելու առաջարկով։ Ենթադրենք, եռաչափ մոդելավորման մասնագետների, անիմատորների աշխատանքի գներով այդ փաթեթը ստեղծելն արժե 10 հազար դոլար։ Մենք այդ մարդուն առաջարկում ենք ներդրում կատարել, կամ ներդրում կատարելու առաջարկը բաց հարթակում ներկայացնում այլ ներդրողների՝ ասելով, որ այդ նախագծի բովանդակությունը վաճառելու ենք, օրինակ, 2 դոլարով, եւ ունենք ամբողջ աշխարհին վաճառելու ներուժ»,- նկատել է Արման Աթոյանը եւ տեղեկացրել, որ ARLOOPA-ի հաջորդ թարմացումով հնարավորություն է ընձեռվելու հենց մոբայլ հավելվածում բովանդակություն պատրաստել։