17:07 | 01.07.20 | Նորություններ | 2199

Արմեն Սարգսյանն առցանց զրուցել է ՔՈԱՖ-ի շահառու համայնքների երեխաների հետ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի շրջանակում տեսակապով զրուցել է Հիմնադրամի շահառու համայնքների երեխաների հետ եւ պատասխանել է հարցերին:

Նա նշել է, որ շատ ջերմ հիշողություններ ունի հիմնադրամի՝ Լոռիի Սմարթ կենտրոն անցած տարվա այցելությունից եւ այնտեղ երեխաների հետ հանդիպումից:

Ընդգծելով, որ 21-րդ դարը նոր հնարավորությունների ժամանակաշրջան է՝ նախագահը մասնավորապես ասել է. «Դուք ապրելու եք շատ ավելի հետաքրքիր, բազմապիսի եւ շատ ավելի ազատ աշխարհում։ Ձեզնից յուրաքանչյուրը հոյակապ հնարավորություններ ունի՝ միայն պետք է կարողանալ օգտագործել այդ հնարավորությունը»:

«Կրթությունը պետք է հասանելի լինի ցանկացած երեխայի համար եւ ունենա միջազգային ամենաբարձր մակարդակ։ Դրան հասնելու համար լուրջ աշխատանքի եւ բոլորի նվիրվածության կարիքը կա։ Ես ինքս ամեն ձեւով պատրաստ եմ աջակցել: Միաժամանակ, կան նաեւ նախագահական նախաձեռնություններ, մասնավորապես՝ գիտության, տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք նպատակ ունեն ստեղծել լոկոմոտիվներ՝ առաջ մղելու որոշակի ոլորտների զարգացումը:

Մասնավորապես, ուշադրություն կդարձվի արհեստական բանականության ոլորտին: Ձեր կյանքում դուք պետք է կարողանաք օգտագործել արհեստական բանականությունն այնպես, որ այն ձեզ օգնի որոշումներ կայացնել։ Նոր աշխարհում նոր ձեւով պետք է աշխատեք, սովորեք եւ մտածեք: Կորոնավիրուսը ցույց տվեց, որ բոլոր երկրները պետք է լրացուցիչ գումարներ ներդնեն առողջապահության, կենսաբանության ոլորտներում»,- նշել է Արմեն Սարգսյանը: