15:47 | 01.07.20 | Նորություններ | 2014

«Հայփոստ»-ը սկսում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի փորձարկումը

«Հայփոստ» ընկերությունը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության օժանդակությամբ, գործարկում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի նոր պիլոտային ծրագիր, որն ընկերության ծառայությունների թվայնացման եւ արդիականացման գործընթացի մաս է կազմում:

Ծրագրով նախատեսվում է էլեկտրոնային սարքերի կիրառմամբ կենսաթոշակների վճարման նոր համակարգի ներդնում, որը սկզբունքորեն կփոխի մինչ այդ գործող ՝ թղթային ցուցակներով վճարման համակարգը:

Էլեկտրոնային նորարարությունը հնարավորություն կտա ծառայության որակը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին՝ բարձրացնելով ոլորտի վերահսկողության որակն ու նվազեցնելով առկա ռիսկերը:

Նախատեսվում է փոստատարների կողմից էլեկտրոնային սարքերի (պլանշետների) կիրառում, որոնց միջոցով առցանց համակարգ կմուտքագրվի նաեւ կենսաթոշակառուի բնակության վայրում կատարված վճարման տեղեկատվությունը, ինչպես նաեւ՝ վճարման ճշգրիտ ժամը, վայրը եւ անհրաժեշտ այլ տվյալներ:

Պիլոտային ծրագիրը կմեկնարկի Երեւանի Ավան վարչական շրջանի փոստային բաժանմունքներում:

«Սա պիլոտային ծրագրի մեկնարկն է: Այս ծրագիրն առաջիկայում՝ հաջող փորձարկումից հետո, կկիրառվի ողջ ցանցի մասշտաբով եւ կներառի այլ ծառայություններ: Ծրագրի կարեւորագույն բաղադրիչ է Հայփոստի աշխատակիցների վերապատրաստումը. մենք կարեւորում ենք մեր աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացման եւ աճի հնարավորությունները՝ չդնելով որեւէ տարիքային սահմանափակում: Վստահ եմ՝ սա կտրուկ կբարձրացնի Հայփոստի ծառայությունների որակը»,- նշել է «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը նշեց:


Ընկերությունն արդեն սկսել է փոստատարների ուսուցումը համապատասխան էլեկտրոնային սարքերի միջոցով: Պարբերաբար իրականացվում է էլեկտրոնային համակարգի գործառույթների թեստավորում եւ համակարգի փորձնական շահագործում՝ փոստատերների մասնակցությամբ: