16:56 | 05.06.20 | Նորություններ | 10753

    ՀՀ-ում մշակվել է COVID-19-ի վերաբերյալ մատչելի տեղեկատվություն տրամադրող չաթբոտ

    Հայաստանում մշակվել է COVID-19-ի վերաբերյալ չաթբոտ, որն աշխատում է արհեստական բանականության տեխնոլոգիայով։

    «Հայաստանի ազդարարման ալիք» չաթբոտի նպատակն է նպաստել հանրային իրազեկվածությանը եւ մատչելի ու պարզ ձեւով բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։

    Այն ստեղծվել է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ, VECTO.DIGITAL ընկերության հետ համագործակցությամբ, որը Հայաստանում ներկայացնում է VIAFONE Technologies միջազգային ընկերության արհեստական բանականությամբ աշխատող չաթբոտ տեխնոլոգիան։ 

    Չաթբոտը հրահանգների միջոցով արձագանքում է օգտատիրոջ հարցերին ու օգնում հեշտությամբ գտնել պաշտոնական տեղեկատվություն։ Չաթբոտը հայերեն է խոսում եւ ներկայացնում ստուգված տեղեկություններ, ինչը պաշտպանում է օգտատերերին կեղծ տեղեկություններից եւ ապատեղեկատվության վտանգից։ 

    Չաթբոտը հիմնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Պարետատան տարածած տեղեկատվության վրա։ Օգտատերերը կարիք չունեն հարցեր գրել, քանի որ բոլոր հնարավոր հարցերն արդեն իսկ առկա են, մնում է միայն ընտրել դրանք եւ չաթբոտ-օգնականը կուղղորդի դեպի համապատասխան բաժին։ 

    Չաթբոտը բաղկացած է մի քանի բաժիններից՝ «Հայաստանի վիճակագրություն», «Նորություններ», «Հայտարարություններ», «Ճամփորդական սահմանափակումներ», «Հաճախ տրվող հարցեր», «Փաստաթղթեր», «Տեսանյութեր», «Թեժ գծեր», «Կիսվել», «Հավելյալ տեղեկատվություն»։ 

    Առայժմ գործում է չաթբոտի մեկ ծառայություն՝ Facebook սոցիալական ցանցում, նախապատրաստվում են եւս երկուսը՝ Telegram-ում եւ Whatsapp-ում։