11:35 | 02.08.19 | Նորություններ | 3518

ՏՏ ոլորտի 89 ստարտափ արդեն ստացել է հարկային արտոնության հավաստագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում շարունակվում է տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնության հավաստագրի տրամադրման գործընթացը։

Այս պահին նախարարություն է դիմել շուրջ 130 ընկերություն։ Կայացած 4 նիստերի արդյունքում մինչ օրս արտոնություն է տրամադրվել 89-ին:

Պետական աջակցության ենթակա գործունեության շրջանակը բավական ընդգրկուն է։  Այն ներառում է ծրագրային ապահովման մշակում, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվական գործունեություն, համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն, տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում եւ այլն։


«ՖՈԲ ՏԵՍՏԻՆԳ ՍԵՐՎԻՍԻԶ» ընկերության գործադիր տնօրեն Արամայիս Հովհաննիսյանի խոսքով՝ շահութահարկի եւ եկամտահարկի տոկոսի իջեցումը սկսնակ ընկերություններին հնարավորություն է տալիս ավելի փոքր գումարներով մուտք գործել մեծ շուկաներ եւ կարողանալ հաստատվել։

«Սրանով հնարավորություն է տրվում նոր ֆիրմաների ձեւավորմանը, նոր մտահղացումից նոր արտադրանք ունենալուն։ Սկսնակ ընկերությունների երեւի 50 տոկոսից ավելին կկարողանա մուտք գործել մեծ շուկա։ Չեն մնա սահմանափակումներով եւ բոլորը կձգտեն արտոնագրից շուտ հրաժարվել, որպեսզի մեծանան»,- ընդգծել է Արամայիս Հովհաննիսյանը։

Հարկային արտոնություն ստանալու եւ Հայաստանում գործունեություն սկսելու համար դիմած ստարտափների աշխարհագրությունը բավական ընդգրկուն է՝ ԱՄՆ, Հոլանդիա, Շվեյցարիա, Չեխիա, Վրաստան, ՌԴ, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Ավստրիա։ Դիմողների թվում սփյուռքահայ ներկայացուցիչներ ունեցող ընկերությունները կազմում են շուրջ 20 տոկոս:

Փոփոխությունների համաձայն՝ նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ շահութահարկի 0% եւ եկամտային հարկի 10% դրույքաչափով։