12:57 | 01.08.19 | Նորություններ | 4041

ՀՀ-ում օգտատերերի 2,16%-ը ենթարկվել է մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների

Հայաստանում օգտատերերի մոբայլ սարքերի 2,16%-ը 2019թ. առաջին եռամսյակում բախվել է վնասաբեր ծրագրերի այն  դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,52%, իսկ Ադրբեջանում՝ 3,12%։

Հայաստանում 2018թ. վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված մոբայլ օգտատերերի բաժինը կազմել է 4,76%՝ 2017թ. 4,28% փոխարեն։ Վրաստանում այդ տարեկան ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,17% ու 4,71%, եւ Ադրբեջանում՝  2,95% եւ 2,59%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

Ընկերության լուծումները 2019թ. առաջին եռամսյակում աշխարհում հայտնաբերել են մոբայլ սարքերի համար նախատեսված 905,174 վնասաբեր տեղադրման փաթեթ, ինչը 95,845-ով պակաս է, քան նախորդ եռամսյակում։

Ըստ փորձագետների՝ մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության առաջին միջոցն է միայն վստահելի հարթակներից հավելվածներ ներբեռնելը եւ սարքի կարգավորումներում կողմնակի հարթակներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը։

Անհրաժեշտ է նաեւ համակարգը եւ հավելվածները մշտապես նորացնել մինչեւ արդիական տարբերակներ եւ չանցնել ոչ վստահելի հղումներով եւ չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում եւ բրաուզերներում։ Եվ, իհարկե, բոլոր սպառնալիքներից լավագույն պաշտպանությունն է մոբայլ սարքում տեղադրված հուսալի հակավիրուսը։