13:58 | 23.04.19 | Նորություններ | 2148

Մխիթար Հայրապետյանն այցելել է Թումո

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ շրջայց է կատարել վերջինիս գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ:

Տնօրենը պատգամավորին է ներկայացրել կենտրոնի ստեղծման պատմությունը, ընթացքում ծագած խնդիրները, գործունեության ներկա փուլն ու առաջիկա անելիքները: Հայրապետյանն ընդգծել է, որ կարեւոր է համարում Թումոյի՝ որպես հայկական բրենդի տարածումն ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում եւ, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է օժանդակել:

Շրջայցի ընթացքում Մխիթար Հայրապետյանը զրուցել է թումոցիների հետ, ներկա գտնվել դասապրոցեսին, ծանոթացել տեղացի եւ օտարերկրյա կամավորների հետ:

Հայաստանի եւ Արցախի թումոներում այժմ 12-18 տարեկան շուրջ 19.000 պատանի ստանում է արտադպրոցական ուսուցում թվային մեդիաների ոլորտում՝ հատուկ մշակված ուսումնական ծրագրով, ծանոթանում 3D մոդելավորման, ֆիլմերի եւ երաժշտության պատրաստման, ռոբոտաշինության, լուսանկարչության, գրաֆիկական դիզայնի եւ այլ ոլորտների նրբություններին։