11:41 | 23.04.19 | Նորություններ | 2358

Նախարարն այցելել է Vineti ընկերության հայաստանյան մասնաճյուղ

 

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 22-ին այցելել է Vineti ընկերության հայաստանյան մասնաճյուղ:

Հանդիպմանը մասնակցել են մասնաճյուղի ղեկավար Քրիստոֆ Սուշեն, գլխավոր մենեջեր Տիգրան Աստվածատրյանը, արտադրանքի գծով փոխնախագահ Ներսես Օհանյանը, Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Քեթ Նորենը եւ ինժեներական բաժնի ղեկավար Անանդ Քոթարին:

Նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ընկերության գործունեության ընդհանուր ուղղություններին ու մատուցվող ծառայություններին, զրուցել աշխատակիցների հետ:

2016թ. Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված ընկերությունն արդեն երկու տարի է՝ ունի իր հայաստանյան մասնաճյուղը, որի 35-ից ավելի աշխատակիցները ոչ միայն տեղացիներ են, այլեւ մասնագետներ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից եւ այլ երկրներից:

Հանդիպմանը քննարկված կարեւոր թեմաներից մեկը Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների եւ բուհական համակարգի միջեւ համագործակցությունն էր: Vineti ընկերությունը տեղական բուհերի ուսանողների համար պարբերաբար կազմակերպում է ինտերնշիփեր, ինչի արդյունքում առավել լավ արդյունքներ ցուցաբերողները դառնում են ընկերության աշխատակիցներ:

Հակոբ Արշակյանն առաջարկել է ընդլայնել գործունեությունը, գնալ տեխնոլոգիական կրթություն առաջարկող համալսարաններ եւ ուսուցողական ծրագրերն իրականացնել տեղում՝ ընդգրկելով առավել մեծ թվով ուսանողների, դասախոսների եւ գիտնականների՝ այդպիսով բարձրացնելով աշխատաշուկա-բուհ համագործակցության արդյունավետությունը: Նրա խոսքով, բուհական համակարգում տեխնոլոգիական ընկերությունների գործընկերները կարող են դառնալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Երեւանի պետական, Հայաստանում ամերիկյան, Ռուս-հայկական (Սլավոնական) եւ այլ համալսարաններ:

Ընկերության ղեկավար անձնակազմի հետ զրույցում նախարարը առանձին անդրադարձ է կատարել նաեւ հայաստանյան ընդհանուր տեխնոլոգիական էկոհամակարգին, թվային օրակարգին, նորաստեղծ ընկերություններին եւ ստարտափներին ցուցաբերվող աջակցությանը: Նա նշել է, որ քայլեր են ձեռնարկվում նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչների ճանաչողական այցեր կազմակերպելու դեպի Սիլիկոնյան հովիտ:

Հակոբ Արշակյանը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել Vineti-ի նման ընկերություններին՝ մշակելու մեխանիզմներ, որոնց օգնությամբ աշխարհին կներկայացվի հայաստանյան տեխնոլոգիական ներուժը, ինչպես նաեւ տեղական ընկերությունների մշակած պրոդուկտը կներկայացվի արտասահմանյան երկրներում եւ կարտահանվի:

Ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են նաեւ այն խնդիրները, որոնց հանդիպում են աշխատելու կամ ներդրումներ անելու նպատակով Հայաստան եկող արտասահմանցի մասնագետները: Դրանք հիմնականում կապված են ինչպես աշխատանքային թույլտվությունների, այնպես էլ քաղաքացիություն ստանալու կարգի, հարկային դաշտի հետ:

Հակոբ Արշակյանը նշել է, որ այժմ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում նշված բոլոր ընթացակարգերը պարզեցնելու եւ առավել դյուրին դարձնելու ուղղությամբ, որպեսզի արտասահմանյան գործարարների, ներդրողների կամ անհատ մասնագետների համար Հայաստանում գործունեություն ծավալելու խոչընդոտներ չլինեն:

Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ թեեւ նախարարությունն այժմ վերակազմավորման գործընթացում է, սակայն պատրաստակամ է աջակցել համագործակցության, նոր ծրագրերի ու գաղափարների իրագործմանը:

Vineti-ն թվային տեխնոլոգիաների ընկերություն է, որն օգնում է դեղագործական ընկերություններին անհատականացված բուժում առաջարկել ու հիվանդներին։

Ընկերության տրամադրած ծրագրային նոր լուծումների շնորհիվ հնարավոր է արդյունավետ կազմակերպել անհատականացված դեղերի արտադրությունը, դեղերի՝ հիվանդին հասնելու փուլերն ու եկամտի ստացումը։ Հայաստանյան թիմում կան ինժեներական կազմի անդամներ, որակի ստուգման մասնագետներ, արտադրանքի մենեջերներ, դիզայներներ, հաճախորդների աջակցման մասնագետներ։