17:12 | 22.04.19 | Նորություններ | 3222

Երեւանում ներկայացվել է E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգը

Ապրիլի 19-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհանդեսը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում։

Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրել է E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս ծանոթանալ մշակութային հաստատությունների մասին տեղեկատվությանը, ընտրել ներկայացման կամ միջոցառման օրը, ինչպես նաեւ հրավիրել ընկերների եւ համատեղ այց կազմակերպել:

 

Համակարգը նպատակաուղղված է զարկ տալու աշակերտների շրջանում մշակութային արժեքների ձեւավորմանը եւ ուղղորդելու նրանց նոր ձեւաչափով բացահայտելու մշակույթի հետաքրքիր ու բազմազան աշխարհը:

E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների, ինչպես նաեւ ուսուցիչների համար: Այն հնարավորություն է տալիս նրանց ուսումնական տարվա ընթացքում անվճար հիմունքներով այցելել երեք մշակութային հաստատություն՝ թանգարան, թատրոն եւ համերգասրահ:

Շնորհանդեսից հետո դպրոցականները դիտել են Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը: