12:40 | 23.04.19 | Նորություններ | 2327
Ապրիլի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է «Ինժեներական քաղաք», որտեղ ծանոթացել է «Ինժեներական քաղաքի» կոնցեպտին, այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներին եւ արտադրանքի մոդելներին:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ Զոհրաբ Մնացականյանը շրջայց է կատարել կենտրոնում:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ ՏՏ ոլորտի զարգացումը հնարավորություն է ընձեռել առավել մեծ ուշադրություն կենտրոնացնել հայրենական արտադրության վրա: Կարեւորվել է ոլորտի դերը ինժեներիայի եւ գիտության զարգացման համար նպաստավոր նախադրյալների ստեղծման եւ մեծ պահանջարկ վայելող մասնագետների պատրաստման գործում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ կառավարության կողմից որդեգրված խելացի զարգացման օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է, իսկ ինչ վերաբերում է ՏՏ ոլորտին, ապա այստեղ Հայաստանը դեռ շատ ասելիք ունի:
Երկուստեք կարեւորվել է միջազգային հարթակներում հայկական արտադրանքը ներկայացնելու հնարավորությունների դիտարկման եւ նոր շուկաների բացահայտման ուղղությամբ փոխշահավետ համագործակցության խթանման անհրաժեշտությունը:
Նախարարն այցելել է նաեւ Տիեզերքի, Գիտության եւ տեխնոլոգիաների թանգարաններ, ինչպես նաեւ գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
«Ինժեներական քաղաք»-ը ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ծրագրով նախատեսված է ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում եւ վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, ստարտափների հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում եւ արտահանման ծավալի աճ: