11:39 | 11.01.19 | Նորություններ | 3896

Աշխատանքներ են տարվում Ինժեներական քաղաքի ստեղծման ուղղությամբ

ՀՀ կառավարությունը հունվարի 10-ի նիստում Երեւան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Բագրեւանդ փողոցի հ․74 հասցեում գտնվող Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող 135.720.000 դրամ կադաստրային արժեք ունեցող 3 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին որոշում է ընդունել:

Գույքը նախատեսվում է ամրացնել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:

Համապատասխան որոշմամբ սահմանվում են դրույթներ նվիրատվությունը ընդունելու, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվեկշռում գրանցելու եւ Ինժեներական քաղաքի ստեղծման համար կազմակերպություններին նվիրաբերությամբ տարածքներ տրամադրելու մասին։

Կառավարության հիմնավորմամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվիրաբերությամբ տարածքները տրամադրվելու են համապատասխան պայմանագրային հիմունքներով, որտեղ սահմանվելու է հողատարածքի հետագա տնօրինման եւ տիրապետման առանձնահատկությունները:

Ըստ գործադիրի՝ հողի սեփականության իրավունքի փոխանցման համար ընտրվել է նվիրաբերության գործարքի եղանակը, քանի որ այն հնարավորություն է տալիս պետությանը տվյալ գույքի ոչ նպատակային օգտագործման դեպքում դադարեցնել սեփականության իրավունքը եւ վերադարձնել այն։