13:59 | 10.12.18 | Նորություններ | exclusive 12128

«Սինոփսիս»-ը մասնաճյուղ է բացում Գյումրիում

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը կսկսի գործունեություն ծավալել նաեւ Գյումրիում:

Այս մասին հայտարարել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ դեկտեմբերի 7-8-ը Գյումրիում կայացած «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի ընթացքում։

«Սա աննախադեպ հաջողություն է Հայաստանի մարզերի համար, քանի որ առաջին անգամ է, երբ նման վերազգային ընկերություն ներկայություն է հաստատում ՀՀ մարզում՝ բացելով մասնաճյուղ»,- ընդգծել է Բագրատ Ենգիբարյանը:

«Սինոփսիս» ընկերությունը ծրագրային ապահովման, համակարգերի, կիսահաղորդչային մտավոր սեփականության եւ ծառայությունների լուծումներ առաջարկող գլոբալ ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը տեղակայված է Կալիֆոռնիայում: Ընկերությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2004թ.՝ հիմնելով Երեւանում տեղակայված «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն:

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին մասնակցել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

photo © EU Armenia

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր խոսքում նշել է, որ մարզերի անհամաչափ զարգացումը Հայաստանի համար լուրջ մարտահրավեր է:

«Այդ առումով, նորարարությունները, բարձր տեխնոլոգիաները ու STEM կրթությունը մեծապես կարող են նպաստել անհամաչափ զարգացումը հարթելու, ինչպես նաեւ մարզային համայնքների մրցունակությունը բարձրացնելու գործին: Պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի մարզային երիտասարդությունը որակյալ տեխնոլոգիական կրթություն ստանալու եւ բարձր վարձատրվող աշխատանք ունենալու համար ստիպված չլինի գնալ Երեւան: Դրա համար, կառավարությունը նախատեսում է առավելագույնս նպաստել Հայաստանի մարզերում առկա ժամանակակից տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեությանը եւ ձեռնարկելու է միջոցներ նոր կենտրոնների ստեղծման համար»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով, բացի այդ, թիրախավորված հարկային քաղաքականության եւ կառավարության ունեցած այլ միջոցների կիրառմամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն, որպեսզի մարզերում ծնվեն նոր ստարտափներ ու նախաձեռնություններ, ինչպես նաեւ օտարերկրյա գործարարների համար ներդրումներ կատարելը դառնա ավելի գրավիչ:

Համաժողովի առաջին օրը կազմակերպվել են պանելային 3 քննարկումներ՝ «Մարզերում ձեռնարկատիրության էկոհամակարգի խթանումը», «Միջազգային ընկերությունների մարտահրավերները մարզերում» եւ «Տեխնոլոգիաները` որպես այլ ոլորտների զարգացման գրավական» թեմաներով: Երկրորդ օրը միջազգային եւ տեղական փորձագետների, մենթորների կողմից անցկացվել են սեմինարներ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 200 երիտասարդների համար։

Միջոցառումն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման համագործակցության (GIZ)-ի կողմից: