12:43 | 07.12.18 | Նորություններ | 13586
Դեկտեմբերի 6-ին Երեւանում կայացել է Եռաչափ (3D) մոդելավորման մրցույթ, որին մասնակցել են «Արմաթ» համահայկական կրթական ցանցի 38 խմբակի սաներ՝ ՀՀ մարզերից եւ Արցախից:
«Արմաթ» ինժեներական կրթական ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, եռաչափ մոդելավորումը ինժեներության, ճարտարագիտության հիմնաքարերից մեկն է, ուստի այդ գիտելիքների փոխանցումը, մրցույթի անցկացումն ու տաղանդավոր երեխաներին բացահայտելը ԱՏՁՄ-ի համար չափազանց կարեւոր է։
«Ucom ընկերության անունը վաղուց ասոցացվում է ինժեներական կրթության եւ «Արմաթ» լաբորատորիաների հետ։ Տարիներ շարունակ ներդրումներ կատարելով, հետեւելով այս նախագծի լավագույնս իրականացմանը եւ հենց մեզ համար ապագա կադրեր դարբնելով՝ վստահ ենք, որ հնարավորություն ենք ստեղծում ոչ միայն այս խելացի պատանիների, այլեւ երկրի տնտեսության զարգացման համար»,- ընդգծել է Եռաչափ մոդելավորման մրցույթի հովանավոր՝ Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«Ռոբոտներ եւ Ռոբոտատեխնիկա», «Մեխանիզմներ եւ մեքենաշինություն», «Հայկական պատմամշակութային հուշակոթողներ» անվանակարգերում ժյուրիի հատուկ մրցանակին են արժանացել համապատասխանաբար Ճամբարակի ավագ, Գավառի թիվ 5 հիմնական եւ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցների սաները:
Խրախուսական մրցանակի են արժանացել Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջի արմաթցի սաները: Երրորդ եւ երկրորդ մրցանակային հորիզոնականում են Արցախի ՏՏ կենտրոնի եւ Կարճաղբյուրի «Արմաթ» լաբորատորիաների սաները:
Մրցույթի հաղթող են ճանաչվել Երեւանի «Ղողանջ» կենտրոնի եւ Ավետիսյան դպրոցի սաներ Սամվել Բաբլոյանը, Արշակ Պողոսյանը եւ Ալեքս Մնացականյանը իրենց ստեղծած «Ամենագնաց» նախագծով: Թիմի խմբավարը Հայկ Կարապետյանն է, ով ապրիլյան պատերազմից հետո ԱՏՁՄ-ի նախաձեռնած «Բանակից ՏՏ ոլորտ» կրթական ծրագրի մասնակից է եւ արդեն մեկ տարի է, ինչ դասավանդում է «Արմաթ»-ում:
Հաղթող թիմի անդամները Ucom ընկերության կողմից որպես մրցանակ ստացել են բջջային հեռախոսներ եւ դրամական պարգեւ: Դրամական պարգեւի արժանացան նաեւ 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը:
Եռաչափ մոդելավորման մրցույթը նպատակ ունի հանրայնացնել գիտատեխնիկական ստեղծարարությունը, դպրոցականների մոտ զարգացնել արտադրական նախատիպերի մոդելավորման հմտությունները եւ նպաստել մոդելավորման մասնագիտական համայնքի ձեւավորմանը:
Մրցույթը պահանջում էր մոդելավորել ու եռաչափ տպիչներով եւ/կամ շաղափային (CNC) հաստոցի միջոցով տպագրել մոդելներ՝ ռոբոտի մասեր, մեխանիզմներ կամ պատմամշակութային հուշակոթողներ: Մոդելները պետք է բաղկացած լինեն 40 մասից, պարունակեն ամենաքիչը երկու գույն:
Ժյուրիի անդամների կազմում են Աշոտ Բարսեղյանը (Ucom), Սամվել Խաչատրյանը (ITC), Երվանդ Թարվերդյանը (Arloopa), Հրաչյա Խաչատրյանը (Symotec), Գրիշա Մարգարյանը (Symotec), Ռուբեն Գյոնջյանը (Instigate), Կարեն Մկրչտյանը (MMGM) եւ Արթուր Խոջաբաղյանը (Augmentar):