11:03 | 10.12.18 | Նորություններ | exclusive 5645

D'efekt-ը կներկայացնի Հայաստանը Seedstars-ի տարածաշրջանային միջոցառմանը

Seedstars միջազգային մրցույթի հայաստանյան հաղթող D'efekt ստարտափը կմասնակցի դեկտեմբերի 12-14-ը Կիեւում կայանալիք Seedstars-ի տարածաշրջանային միջոցառմանը:

Այս մասին Itel.am-ին տեղեկացրել են Seedstars-ում:

D'efekt-ի մշակած լուծումը հնարավորություն է տալիս արհեստական բանականության կիրառմամբ ստեղծել բազմատեսակ վիզուալ նյութեր եւ կիսվել դրանցով:

Seedstars-ում տեղեկացրել են, որ միջոցառումը տարածաշրջանում 2018թ. ամփոփումն է եւ նպատակ ունի մեկ հարկի ներքո հավաքել ազգային փուլերի հաղթող 12 ստարտափներին:

Նշենք, որ Seedstars-ի ազգային հաղթողները 2019թ․գարնանը մասնակցելու են Շվեյցարիայում կայանալիք համաշխարհային մրցույթին։ Միջազգային մրցույթում հաղթող ստարտափը հնարավորություն կունենա իր լուծումը ներկայացնել հնարավոր ներդրողների, գործընկերների դատին եւ պայքարել $1մլն մրցանակի համար։

Մրցույթի հայաստանյան եզրափակիչը կայացել է սեպտեմբերի 29-ին: Դրան մասնակցել է 10 ստարտափ, որոնք փորձում են լուծել տարածաշրջանային խնդիրներ եւ մշակում են կայուն ու եկամտաբեր պրոդուկտներ գլոբալ շուկայի համար։

Հիշեցնենք, որ 2017թ. Seedstars-ի երեւանյան հաղթողը Chessify ստարտափն էր: 2016թ. Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացրել է Earlyone-ը: 2015թ. մրցույթի հայաստանյան հաղթող EyeCare թիմը հայտնվել է Seedstars World-ի լավագույն տասնյակում: Իսկ 2013թ. SoloLearn-ն ընդգրկվել է Seedstars World-ի լավագույն եռյակում: