11:47 | 06.09.18 | Հոդվածներ | exclusive 91639

Հայաստանում մշակված նոր լուծումը՝ ընդդեմ ֆիշինգ-հարձակումների

Հայաստանում մշակվել է ֆիշինգ-հարձակումներից (մեկ այլ անձի անունից կեղծ էլեկտրոնային նամակ ուղարկելը՝ տվյալների կորզման կամ չարանենգ այլ նպատակով) պաշտպանության եւ նամակների հասցեագրման արդյունավետությունը բարձրացնող բոլորը-մեկում գործիք:

EasyDMARC ընկերության մշակած լուծումը կօգնի կազմակերպություններին առանց ավելորդ ռիսկերի կազմակերպել իրենց հակաֆիշինգային պաշտպանությունը:

5 հոգանոց ընկերության հիմնադիրներն են Ավագ Առաքելյանը եւ Գերասիմ Հովհաննիսյանը:

Itel.am-ի հետ զրույցում Գերասիմ Հովհաննիսյանը նշել է, որ այս տարի էլեկտրոնային հանցագործությունների վերաբերյալ տարբեր հաշվետվությունների գլխավոր եռյակում են Ransomware եւ ֆիշինգ հարձակումները:


«Ընդ որում՝ Ransomware-ի տարածման հիմնական միջոց է հանդիսանում ֆիշինգը: Մինչեւ 2021թ. կանխատեսումները խոսում են միայն դրանց աճի մասին: Նման հարձակումներից պաշտպանությունը պահանջում է մեծ փորձ, ռեսուրսատար ու ժամանակատար է, իսկ սխալ ներդրման դեպքում հնարավոր է ուղարկվող նամակների մի մասը չհասնի հասցեատիրոջը։ Մեր համակարգը օգնում է կիրառել կազմակերպության անունից կատարվող ֆիշինգ-հարձակումների դեմ ներկայումս ամենահզոր ու ամենաարդյունավետ պաշտպանությունը»,- ընդգծել է Գերասիմ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, թիրախում են երկու տարբեր լսարաններ: Առաջինն այն բրենդներն են, կազմակերպություններն ու անհատները, որոնց համար կարեւոր է իրենց անունից ուղարկվող էլեկտրոնային նամակների ճշգրտությունը:

«Համակարգի միջոցով անհատներն ու կազմակերպությունները զերծ կմնան ֆիշինգ-հարձակումների պատճառած ֆինանսական, հեղինակության կորստից կամ կարեւոր տվյալների արտահոսքից։ Լուրջ է խնդիրը նաեւ դատական ու իրավաբանական համակարգերում, որտեղ յուրաքանչյուր էլեկտրոնային նամակ կարող է ճակատագրական լինել»,- պատմել է Գերասիմ Հովհաննիսյանը:

Լուծումը կարող է հետաքրքրել նաեւ այն կազմակերպություններին ու անհատներին, որոնք կարեւորում են, որ իրենց ուղարկած էլեկտրոնային նամակները չընկնեն սպամ զամբյուղի մեջ կամ չանհետանան անհասկանալի պատճառներով։

Խոսելով լուծման առանձնահատկության մասին, EasyDMARC-ի համահիմնադիրը նշել է, որ շուկայում առկա ծառայությունները հիմնականում լուծում են մեկ կոնկրետ խնդիր, իսկ բոլոր խնդիրները լուծելու համար պետք է օգտվել տարբեր ծառայություններից, ինչը բարդացնում է սպասարկումը եւ ժամանակատար է։

«Շատ կարեւոր առանձնահատկություն ենք համարում ահազանգման խելացի համակարգը, որի միջոցով բացի հրատապ ծանուցումներից տրամադրում ենք նաեւ ճիշտ կարգաբերումների համար անհրաժեշտ տեղեկատվությունը, դոմեյնի որակի բարձրացման համար անհրաժեշտ ցուցումները«,- նշել է Գերասիմ Հովհաննիսյանը:

Ընկերությունը տեղական շուկայում աշխատում է մի շարք ընկերությունների հետ, որոնցից է «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ը:

EasyDMARC-ի համահիմնադրի խոսքով, հայկական շուկայի համար մշակված է հատուկ գնային քաղաքականություն:

«Շատ հայկական կազմակերպությունների համար անհասանելի են մեր մրցակիցների առաջարկած ծառայությունները՝ գնի պատճառով: EasyDMARC-ի հետ հայկական կազմակերպությունները նման խնդիր չեն ունենա»,- տեղեկացրել է նա:

Միայն օգոստոսին հայկական հատվածում EasyDMARC-ի լուծումն օգնել է պաշտպանվել 2700 հարձակումներից:

«Անելիքները շատ են: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայկական հատվածի միայն 1.4%-ն ունի համապատասխան պաշտպանություն: Նախատեսում ենք մեր համակարգը ներդնել Հայաստանում գործող գրեթե բոլոր այն կազմակերպություններում, որոնք ֆիշինգ-հարձակումների ենթարկվելու պոտենցիալ թիրախներ են՝ բանկեր, հաշվապահական ֆիրմաներ եւ այլն»,- տեղեկացրել է Գերասիմ Հովհաննիսյանը:

Նարինե Դանեղյան