10:41 | 24.11.10 | Հարցազրույցներ | exclusive 9879

«Armenian PowerSpell 2011-ը լուծել է նոր համալիր խնդիրներ»

Armenian PowerSpell ծրագրի հեղինակ Արման Բոշյանի եւ «Սահակ Պարթեւ-Պապյան» ՍՊԸ (ծրագրի պաշտոնական դիստրիբյուտորը) տնօրեն Հայկ Պապյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Itel.am պորտալին
 
- Վերջերս վաճառքի հանվեց հայերեն լեզվի քերականության, ուղղագրության եւ կետադրության ստուգման ծրագրի Armenian PowerSpell 2011 նոր տարբերակը: Այն շատ առումներով գերազանցում է իր նախորդին: Ո՞րն է «2011» տարբերակի հիմնական առաջընթացը:  

Արման Բոշյան. - Ըստ իս, հիմնական առաջընթացն այն է, որ դեռ երբեւէ չէր կատարվել այդքան ծավալուն հետազոտություն հայերեն լեզվի ասպարեզում: Մեր սերվերի վրա կուտակվել է ծրագրի նախորդ տարբերակի սպառողների կողմից կատարված 2 մլն սխալի վիճակագրություն 1 մլն էջում, որոնց վերլուծությունը մեզ թույլ է տվել հասկանալ, թե որ ուղղությամբ է անհրաժեշտ զարգանալ: Եթե Armenian PowerSpell 2009-ը հիմնականում ստուգում էր ուղղագրությունը, ապա Armenian PowerSpell 2011-ը լուծել է նոր համալիր խնդիրներ` դուրս գալով պարզ «սփել-չեքերի» սահմաններից: 

Գաղտնիք չէ, որ մենք օգտագործում ենք բազմաթիվ օտարալեզու բառեր, որոնք համարժեքներ ունեն հայերեն լեզվում, սակայն մեծ դժվարությամբ են տեղ գտնում բառապաշարում: Օրինակ, «հեռուստացույց» բառը, որը մեր համաքաղաքացիներից շատերը արտաբերում եւ գրում եւ ռուսերեն գրադարձությամբ: Համաձայնեք, ամեն «սփել-չեքեր» սիրալիր կերպով չէր առաջարկի սպառողին, ով գրել է, ասենք, «տելեվիզռ», ոչ միայն այն դարձնել «հեռուստացույց», այլեւ հուշեր, որ գոնե ավելի գրագետ կլիներ գրել «տելեվիզոր»:

Ինչպես տեսնում եք, մենք որոշել ենք չփոխել իրերի իրական դասավորությունը, այլ պարզապես բարելավել այն, որպեսզի այն խոսքերը, որոնք լեզվում չկան (կամ դեռ չկան) գոնե գրվեն այնպես, ինչպես ցանկանում է կոնկրետ սպառողը: Գրադարձության օրինակները շատ են: «2009» տարբերակն առաջարկում էր բառերի հայերեն համարժեքները, այն էլ` ընդամենը 200 բառի համար, իսկ «2011»-ը, բացի դրանից, նաեւ ստուգում է գրադարձության ուղղագրությունը. եթե, ասենք, գրված է անգլերեն «marketing» բառը, ապա հայերեն ճիշտ գրադարձությունը կլինի ոչ թե «մարկետինգ», այլ` «մարքեթինգ» եւ այլն:

Նման կերպով լուծվում է տերմինների խնդիրը, որոնց մեծ մասը հայերեն լեզվում կամ գոյություն չունեն, կամ ավելի շատ հարիր են անեկդոտներին, քան նորմալ բառապաշարին: Այդ խնդրի լուծման համար մեզ հաջողվել է հավաքել եւ ստանդարտացնել շուրջ 5000 տերմին գիտության, տնտեսության, մաթեմատիկայի, բժշկության տարբեր բնագավառներից:

Տարածված սխալներից է նաեւ այն բառերի անջատ գրությունը, որոնք պետք է գրել միասին, օրինակ, «մինչ դեռ», «նույն իսկ» եւ այլն: Ծրագրի նախորդ տարբերակը չէր գտնում այդ սխալը, քանի որ առանձին վերցրած այդ բառերից յուրաքանչյուրը ճիշտ է գրված: Այժմ ծրագիրը վերլուծում է միանգամից 3 բառ որպես մեկ կապակցություն` օգնելով ուղղել սխալը:

Բառերի հաջորդականության վերլուծությունը թույլ է տվել նաեւ լուծել այնպիսի սխալների խնդիրը, երբ տպասխալի արդյունքում ստացվում է ճիշտ բառակապակցություն, օրինակ, «կենտրոնական բանտ»` «կենտրոնական բանկ»-ի փոխարեն, կամ «այդ իսկ պատառով»` «այդ իսկ պատճառով»-ի փոխարեն: Այդպիսի դեպքերում ծրագիրը սպառողին հարցնում է` չի՞ ցանկանում նա արդյոք տվյալ բառակապակցության փոխարեն օգտագործել ուրիշը` նրան առաջարկելով ներմուծել սեփական կանոնները բառակապակցությունների համար: Վստահ եմ, որ այդ գործառույթը կարեւոր է ընկերությունների եւ պետական կառույցների համար:

Ասեմ նաեւ, որ ծրագրի նոր տարբերակի բառարանը համալրվել է շուրջ 300 հազար բառով, որոնց թիվն արդեն հասնում է 850 հազարի, ինչը, մեր գնահատմամբ, ապահովում է լեզվի 99% ծածկույթ եւ, իմ կարծիքով, հանդիսանում է հսկայական ազգային արժեք: 

- Անցյալ տարի մեր գործակալության հետ հարցազրույցում դուք հույս էիք հայտնել, որ Armenian PowerSpell-ի հաջորդ տարբերակը կդառնա լիարժեք գործիք հայերեն լեզվի քերականությունը ստուգելու համար: Կարելի՞ է արձանագրել, որ դուք հասել եք այդ նպատակին:

Արման Բոշյան. - Եթե նախորդ տարբերակն ուներ պարզագույն քերականության եւ կետադրության վերլուծության 50 դեպք, ապա նոր ծրագրում այդ թիվը հասնում է 500-ի: Այսինքն, ծրագիրը ստուգում է ամբողջ ուղղագրությունն ու կետադրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջվում է բարդ նախադասության իմաստային վերլուծություն: Իմաստային խնդիրների լուծումը Armenian PowerSpell-ի զարգացման հաջորդ քայլն է:

Ամենատարածված քերականական սխալներից է բառերի սխալ հոլովումը. դրանց լուծումը տրվում է նոր ծրագրում: Սպառողները դժվարություններ են ունենում նաեւ կետադրության հետ կապված, հատկապես «բութի» կիրառման դեպքում, որը բացակայում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներում: Նախորդ տարբերակն անտեսում էր նման սխալները, իսկ նորում առկա է դասագրքերից վերցված ուսուցողական հուշումների համակարգ: Կետադրական սխալի դեպքում տրվում են հուշումներ, որոնք բացատրում են, թե ինչու տվյալ դեպքում պետք է կիրառվի այս կամ այն նշանը:

Վերլուծելով 2 մլն սխալների առանձնահատկությունը` մենք հասկացել ենք, որ սպառողների մեծ մասն ունի ռուսական կրթություն: Այդ պատճառով մենք նախատեսում ենք ծրագրի ինտերֆեյսում ավելացնել նաեւ ռուսերեն լեզուն, որպեսզի հեշտացնենք ռուսալեզու սպառողների աշխատանքը:

Կցանկանայի անդրադառնալ եւս մեկ տարածված սխալի. տեքստում բաց թողնված բառերին, որոնց պատճառով նախադասության մաթեմատիկական մոդելավորումը դառնում է անհնարին: PowerSpell 2011-ն այդ խնդիրը լուծում է մասնակի` սպառողին ցույց տալով, որ նրա գրած նախադասությունը դժվար հասկանալի է:

- Հայերեն լեզվի Unicode կոդավորմամբ տպողները բախվում են տեքստային խմբագրի ուղղումներին. Word-ը ավտոմատ կերպով մեծատառ է դարձնում «.» նշանից հետո գրվող բառի առաջին տառը, որը հայերեն լեզվում նշանակում է միջակետ: 

Արման Բոշյան. - Ծրագիրը ճանաչում է այդ սխալը, որը, ինչպես նշեցիք, առկա է Microsoft-ի կողմից կիրառվող կոդավորման մեջ: Առհասարակ, հայերեն լեզվի առանձնահատկությունը շատ է բարդացնում դրա մաթեմատիկան մոդելավորումը: Օրինակ բերենք «եւ» տառը: Ծրագրին գրեթե անհնարին է բացատրել` որտեղ գրել «եւ», իսկ որտեղ` «եվ»:

- Ծրագրի զարգացումը բարդացնում է դրա «պիրատային» կրկնօրինակների տարածումը: Ինչպե՞ս է հաջողվել ապահովել ներդրումների անհրաժեշտ ծավալը նոր տարբերակի մշակման համար:

Հայկ Պապյան. - Նոր տարբերակի մշակման համար ներդրումներն ապահովել է Armenian PowerSpell 2009-ի վաճառքը, որի հաջողությունը բացառիկ էր: Մեր հաճախորդների թվում են շուրջ 2000 կազմակերպություններ, իսկ աշխարհագրական տարածումը գերազանցել է 10 երկիրը: Դա այն դեպքում, երբ մենք արտասահմանյան շուկաները չենք դիտարկել որպես առաջնահերթ:

Կարծում եմ, ծրագրի նախորդ տարբերակի հաջողությունը պայմանավորված է դրա մեծ պահանջարկով եւ մեր կողմից անցկացված մարքեթինգային արշավով, մասնավորապես, մասնակցությամբ տեխնոլոգիական ցուցահանդեսներին եւ բիզնես-ֆորումներին:

Ի նշան շնորհակալության մեր հաճախորդներին` մենք որոշել ենք, որ նրանց չենք վաճառի ծրագրի նոր տարբերակը, այլ պարզապես կնվիրենք դրանից օգտվելու մեկ տարվա արտոնագիր:

- Ի դեպ, մարքեթինգային եւ գնային քաղաքականության մասին. ի՞նչ փոփոխությունների է այն ենթարկվում նոր տարբերակի լույսընծայման հետ կախված:

Հայկ Պապյան. - Նոր սպառողների համար ծրագրի օգտագործման առաջին տարվա արժեքը կազմում է 14 հազար դրամ, որից հետո ամենամյա բաժանորդագրության արժեքը կկազմի 11 հազար դրամ: Հատուկ առաջարկներ են մշակվել այն կորպորատիվ հաճախորդների համար, որոնք ծրագիրը տեղադրում են մեծ թվով համակարգիչների վրա: Նրանց համար յուրաքանչյուր միավորի միացումը, բնականաբար, ավելի էժան է լինում: Իսկ ինչ վերաբերում է PowerSpell 2009-ին, այն եւս շարունակում է վաճառվել, սակայն արդեն 8 հազար դրամով (նախկինում ծրագրի մեկ տարվա արտոնագիրն արժեր 9 հազար դրամ):

Ներկայումս մենք ակտիվորեն ընդլայնում ենք գործընկերների ցանցը, որտեղից կարելի է ձեռք բերել ապրանքատեսակը: Սպառողների մեծ մասը ծրագիրը ներբեռնում է www.powerspell.am կայքից, այդ պատճառով մենք կայքում տեղադրել ենք ապրանքատեսակի համակարգչային կարգավորման մանրամասն հրահանգները` հաշվի առնելով համակարգիչների անվտանգության համակարգերի առանձնահատկությունները, որոնք կարող են ծրագիրը հասկանալ որպես վնասակիր ծրագրային ապահովում` այդպիսով բարդացնելով դրա տեղադրումը:

Ինչ վերաբերում է արտասահմանում ծրագրի տարածմանը, այս դեպքում մենք, հավանաբար, կկնքենք, այսպես կոչված, «մատակարարման համաձայնագրեր», որպեսզի PowerSpell-ի դիստրիբյուցիայով զբաղվեն այն ընկերությունները, որոնք լավ ծանոթ են սպառման կոնկրետ շուկաներին: Կցանկանայի նշել, որ մենք բաց ենք համագործակցության համար ծրագրի դիստրիբյուցիայի ոլորտում:

Armenian PowerSpell 2011-ի հետ մեկտեղ վաճառքի է հանվել եւս մեկ ծրագիր` Armenian PowerConverter-ը, որն իրենից ներկայացնում է փաստաթղթերը ANSI-ից Unicode կոդավորման վերափոխող գործիք` ամբողջապես պահպանելով փաստաթղթի ձեւակերպումը: Այդ գործիքից օգտվելու անժամկետ արտոնագրի արժեքն է 20 հազար դրամ:

Ներկայումս զուգահեռ աշխատանք է ծավալվում հայերեն-ռուսերեն-անգլերեն Armenian PowerDictionary բառարանի եւ PowerWordWrap հայերեն տողադարձերի մշակման ուղղությամբ: Երբ դրանք հանվեն վաճառքի, մենք նախատեսում ենք բոլոր 4 ծրագրերը ներառել Armenian PowerOffice փաթեթում եւ այն վաճառել միասնական արտոնագրով: