11:14 | 17.11.10 | Հարցազրույցներ | exclusive 5198

«Մենք կարող ենք հարմարեցնել «1C»-ի ապրանքատեսակները հաճախորդների կարիքներին»

«ԱկԹրեյդ-Սոֆթ» ընկերության տնօրեն Տիգրան Սարգսյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- «ԱկԹրեյդ-Սոֆթ» ընկերությանը գործունեության ընդամենը մեկուկես տարվա ընթացքում հաջողվեց իր տեղը գրավել բիզնեսի ավտոմատացման համակարգերի հայաստանյան շուկայում: Ձեռնարկատիրական գործունեության ո՞ր կողմերն է ավտոմատացնում ձեր կողմից առաջարկվող ծրագրային ապահովումը:

- Մեր ընկերության գործունեության հիմքում ընկած է ձեռնարկությունների հաշվապահական եւ առեւտրային գործունեության ավտոմատացումը, այստեղից էլ անվանումը` ԱկԹրեյդ` accouting and trading (հաշվապահություն եւ առեւտուր): Ընկերության ծրագրային ապահովումն ավտոմատացնում է հաշվապահական հաշվառումը, աշխատավարձերի հաշվարկման մեխանիզմները, մեծածախ եւ մանրածախ առեւտուրը, պատրաստի արտադրանքի թողարկումը եւ այլն:
 
Բիզնես-գործընթացների ավտոմատացման արդյունքում մեր հաճախորդները տնտեսում են զգալի ռեսուրսներ, ինչը, բնականաբար, նպաստում է տվյալ ձեռնարկության արտադրողականության եւ մրցունակության աճին:

Մեր կողմից առաջարկվող ապրանքատեսակների հիմքում ընկած է ռուսաստանյան հայտնի «1C» ընկերության ծրագրային ապահովումը: Մենք հանդիսանում ենք Հայաստանում «1C» ընկերության պաշտոնական գործընկերը եւ միակ ավտոմատացված ուսումնական կենտրոնը:

- Ի՞նչ է ենթադրում պաշտոնական գործընկերությունը «1C»-ի հետ:

- Մեր մասնագետները վերապատրաստում են անցել Մոսկվայում` «1C» ընկերությունում, հանձնել են բոլոր անհրաժեշտ քննությունները` ստանալով համապատասխան հավաստագրեր: Մասնավորապես, ընկերության համահիմնադիր Հարություն Սարգսյանը ներկայումս Հայաստանում միակ 1C-հավաստագրված մասնագետն է, ով անցել է «1C»-ի ատեստավորումը «1C: Առեւտուր եւ պահեստ», «1C: Հաշվապահություն», «1C: Աշխատավարձ եւ աշխատակիցներ» ծրագրային ապրանքատեսակների կազմաձեւման վերաբերյալ: 

Արդյունքում մեզ համար պաշտոնապես բաց է «1C»-ի ծրագրային կոդը, ինչը թույլ է տալիս ավելի որակյալ հարմարեցնել մեր ապրանքները հաճախորդների կարիքներին եւ ավտոմատացնել տնտեսական գործունեության ցանկացած ոլորտ:

Բացի դրանից, մենք ստեղծել ենք Հայաստանում միակ ավտոմատացված ուսումնական կենտրոնը, որտեղ նախապատրաստում ենք ինչպես մեր հաճախորդներին (ի դեպ, հաճախորդների ուսուցումը ներառված է ծրագրային ապահովման արժեքի մեջ), այնպես էլ բոլոր ցանկացողներին` նրանց սովորեցնելով օգտագործել «1C»-ի ծրագրերը եւ մեր հեղինակային ապրանքատեսակները: Դասընթացների ավարտին անցկացվում է քննություն, որի արդյունքներով տրվում է հավաստագիր «1C»-ի լոգոտիպով, ինչը ՀՀ տարածքում «ԱկԹրեյդ-Սոֆթ»-ի բացառիկ իրավունքն է: Բացի Երեւանից, մենք դասընթացներ ենք անցկացնում մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում, որտեղ եւս ունենք հաճախորդային բազա: Բացի այդ, համակարգչային կենտրոն ենք գործարկել Մարտունի քաղաքում, որտեղ բացի տեխնիկական սպասարկումից, կազմակերպում ենք նաեւ ուսուցում:

- Փաստորեն, համագործակցությունը «1C»-ի հետ, այնուամենայնիվ, ձեր ընկերությանը չի տալիս Հայաստանում ռուսաստանյան ընկերության ծրագրերի դիստրիբյուցիայի բացառիկ իրավունք:

- Ոչ, սակայն մեզ դա պետք էլ չէ, քանի որ հաճախորդը մեզ դիմում է ոչ թե տիպային ծրագրի, այլ` հենց ծրագրային ապահովման համար` մշակված հատուկ իր համար եւ հարմարեցված իր կարիքներին:

Ծրագիրը տարածել կարող են բոլորը, սակայն մենք ցանկանում ենք առաջատարը լինել ավտոմատացման ոլորտում «1C: Ձեռնարկություն 7.7» հարթակի հիման վրա: Մենք հիմք ենք նախապատրաստում ավելի արդյունավետ` «1C: Ձեռնարկություն 8»-ին անցնելու համար, սակայն կարծում ենք, որ հայաստանյան շուկան դեռեւս պատրաստ չէ այդպիսի ծրագրային ապրանքատեսակ ընդունելուն ինչպես տեխնիկական, այնպես էլ գնային տեսանկյունից:

Բազմաթիվ ընկերություններ մեզ դիմում են այլ մշակողներից իրենց գնած ծրագիրը սպասարկելու խնդրանքով: Հիմնականում մերժում ենք, քանի որ դա կոռեկտ չէ, եւ նրանց առաջարկում ենք մեր լուծումները: 

- Տեղական շուկայում բավականին երկար ժամանակ գործում է ArmSoft ընկերությունը, որը եւս առաջարկում է բիզնեսի ավտոմատացման համակարգեր: Ինչպիսի՞ն է մրցակցությունը երկու ընկերությունների միջեւ:

- Ներկայումս մենք առաջատարն ենք առեւտրի ավտոմատացման շուկայում (ավելի քան 1000 հաճախորդ) եւ ակտիվորեն ավելացնում ենք մեր մասնաբաժինը հաշվապահական հաշվառման ավտոմատացման ոլորտում (ավելի քան 50 հաճախորդ):

Հաշվապահական հաշվառումը հիմնական ոլորտն է, որտեղ մենք ArmSoft-ին դիտարկում ենք որպես մրցակից: Կարճաժամկետ հեռանկարում մենք չենք դիտարկում բանկային հատվածին ծառայություններ մատուցելը, որտեղ նշված ընկերությունն ունի ամուր դիրքեր:

Ինչ վերաբերում է հաշվապահական հաշվառման ավտոմատացմանը, ապա այստեղ մեր դինամիկ աճը պայմանավորված է ուժեղ «ծրագրային միջուկով» եւ աշխատակիցների բարձր արհեստավարժությամբ, ինչը մեզ թույլ է տալիս քիչ ռեսուրսներով առաջարկել շատ ճկուն եւ որակյալ գործիք ավելի մրցունակ գնով, որը երբեմն կարող է կրկնակի ցածր լինել, քան մրցակցի մոտ:

- Դուք ասացիք, որ մշակում եք ավտոմատացման համակարգեր` առավելագույնս հարմարեցված առանձին հաճախորդի կարիքներին: Կա՞ն արդյոք ոլորտներ, որոնք դուք «ծածկում եք» ամբողջությամբ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում շատանում են ընկերությունները, որոնք աշխատում են ունիվերսալ սխեմաներով, օրինակ, ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներով:
 
- Ձեր ասածը մեր դեպքում կարելի է վերաբերում է դեղատներին, սուպերմարկետներին, առեւտրի կենտրոններին եւ ռեստորանների ցանցերին: Այսօր մենք արդեն առաջատարն ենք սուպերմարկետների ավտոմատացման ոլորտում եւ գրանցում ենք մեծ հաջողություններ դեղատների, գրավատների ավտոմատացման ոլորտում:

Ավելի բարդ է խնդիրը արտադրողական ձեռնարկությունների դեպքում, որտեղ ծրագիրը պետք է խստորեն համապատասխանի ընկերության առանձնահատկությանը, եւ այստեղ տիպային լուծումներ կիրառել հնարավոր չէ:

«ԱկԹրեյդ - Արտադրության» հիմնական արժեքը մեկ միավոր ապրանքի պլանային եւ փաստացի ինքնարժեքի հաշվարկումն է եւ փաստացի ընդհանուր տնտեսական ծախսերի տեղաբաշխումը: Հետեւաբար, ծրագիրը պետք է մշակվի արտադրական ձեռնարկության գործունեության մանրամասն վերլուծության եւ դրա առանձնահատկության հաշվառմամբ:

- Հայտնի է, որ հայաստանյան ձեռնարկությունները, որոնք որոշել են ավտոմատացնել իրենց բիզնես-գործընթացները, հեշտությամբ համագործակցում են տեղական ՏՏ-ընկերությունների հետ: Ինչպիսի՞ն է իրավիճակը արտասահմանյան ներդրողների ներգրավման հարցում:

- Արեւմտյան ներդրողների դեպքում իսկապես գոյություն ունի անվստահության Հայաստանում արտադրված ծրագրային ապահովման նկատմամբ: ՀՀ շուկայում գործող մի շարք խոշոր ընկերություններ ավտոմատացման համակարգեր են ձեռք բերել արտասահմանյան արտադրողից, որքան ինձ հայտնի է, տասնյակ հազարավոր եվրոների դիմաց, մինչդեռ մենք առաջարկում ենք նման ապրանքատեսակներ շատ ավելի էժան: Եվ խնդիրը ոչ այնքան արտասահմանյան ծրագրային ապահովման գերազանցությունն է մեր ծրագրային ապահովման նկատմամբ, որքան ապրանքանիշը:

Ինչ վերաբերում է ռուսաստանյան կապիտալով հայաստանյան ընկերություններին, որոնք բացարձակ մեծամասնություն են կազմում օտարերկրյա ներդրումների կառուցվածքում, այստեղ խնդիրն ավելի պարզ է, քանի որ մեր ապրանքատեսակի «միջուկը» մշակված է «1C» ձեռնարկության կողմից, որին վստահում է ռուսաստանյան ընկերությունների բացարձակ մեծամասնությունը: Ծրագիրն ավելի լայն տարածում է գտել ԱՊՀ երկրներում, մասնավորապես, Ուկրաինայում եւ Ղազախստանում:

- Ի՞նչ ժամկետներում է կատարվում ավտոմատացման համակարգերի ներդրումը ընկերություններում:

- Ավելի արագ տեղի է ունենում առեւտրի ավտոմատացումը: Օրինակ, սուպերմարկետի առեւտրի ավտոմատացումը մենք կատարում ենք մի քանի օրվա ընթացքում: Մի փոքր ավելի երկար է կատարվում հաշվապահական հաշվառման ավտոմատացումը, քանի որ ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ են նվազագույն գիտելիքներ հաշվապահական հաշվառման ասպարեզում: Ծրագրի արժեքում ներառված է աշխատակիցների ուսուցումը, ովքեր 10-15 պարապմունքից հետո կարող են ինքնուրույն վարել ձեռնարկության հաշվապահությունը:

Իսկ արտադրության ավտոմատացումն ավելի բարդ է եւ, կախված հաճախորդի առանձնահատկությունից, կարող է զբաղեցնել մինչեւ մի քանի ամիս:

- «ԱկԹրեյդ-Սոֆթ»-ը եղել է Թբիլիսիում նոյեմբերի 10-12-ը կայացած GITI տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարական տարածաշրջանային երրորդ կոնֆերանսի մասնակիցների թվում: Ինչպիսին են կոնֆերանսին ձեր մասնակցության արդյունքները; քննարկվու՞մ է արդյոք արտասահմանում ծառայություններ մատուցելու հեռանկարը:

- Թբիլիսիում մենք հանդիպել ենք 1C հարթակում բիզնեսի ավտոմատացման ոլորտի վրացական առաջատար ընկերություններին: Դրանք «Արզի», «ԴելտաՍիստեմս» եւ «ԱյԲիԷս» ընկերություններն են: Վերջինի հետ քննարկել ենք համատեղ մի նախագիծ, որի ուղղությամբ աշխատանքը հույս ունենք սկսել առաջիկա ամսվա ընթացքում: 

Բիզնեսի ավտոմատացման վրացական շուկան բավականին գրավիչ է: Մենք դիտարկում ենք այնտեղ մասնաճյուղ բացելու հնարավորությունը: Կարծում եմ, «ԱկԹրեյդ-Սոֆթ»-ը կարող է արժանի տեղ զբաղեցնել նաեւ վրացական շուկայում: