09:54 | 09.08.10 | Հարցազրույցներ | exclusive 5687

«MarAni-ի բիզնես-ֆորումը մեկ հարկի տակ է միավորելու հայաստանյան անիմացիոն եւ ՏՏ-ընկերություններին»

Երեւանում կայանալիք ReAnimania 2010 անիմացիոն ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 11-ից 13-ը նախատեսվում է առաջին անգամ անցկացնել MarAni (Market of Animation – Անիմացիայի շուկա) բիզնես-ֆորումը: Միջոցառման մանրամասներին ծանոթանալու համար ցրուցեցինք MarAni բիզնես-ֆորումի տնօրեն Հայկ Ասրիյանցի հետ:

- Ի՞նչ է իրենից ներկայացներլու MarAni-ն, ո՞րն է այդ ֆորումի նպատակը:

- MarAni-ին մեկ հարկի տակ է միավորելու հայաստանյան անիմացիոն եւ ՏՏ-ընկերություններին: Ֆորումի նպատակն է բիզնես-հարաբերությունների հաստատումը Հայաստանի անիմացիոն ստուդիաների, ՏՏ-ընկերությունների, հարակից ոլորտների ներկայացուցիչների միջեւ, ինչպես նաեւ արտերկրի անիմացիոն շուկաների մասնակիցների միջեւ:

Բիզնես-ֆորումը կազմված է լինելու 2 մասից. առաջինը ցուցահանդեսն է, որտեղ ընկերությունները հանդես կգան իրենց տաղավարներով, կներկայացնեն իրենց արտադրանքը, ծառայությունները եւ լուծումները, հնարավորություն կունենան անել մինչեւ 90 րոպե տեւողությամբ շնորհանդեսներ «Մոսկվա» կինոթատրոնի վիդեո-դահլիճում; բիզնես-ֆորումի մյուս մասը կլոր սեղանի ձեւաչափով կազմակերպվելիք ANITA (ANimation and Information Technologies of Armenia – Հայաստանի անիմացիոն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ) գագաթնաժողովն է, որին կմասնակցեն անիմացիոն ստուդիաների, ՏՏ-հատվածի եւ այլ հետաքրքրված ընկերությունների ղեկավարները, ինչպես նաեւ մեր կողմից հրավիրված ՏՏ եւ անիմացիոն ոլորտների փորձագետները թե´ Հայաստանից,  թե´ արտերկրից:

Կլոր սեղանի ընթացքում քննարկվելու են անիմացիոն եւ տեղեկատվական տեխնոլոգիաների շուկաներում առկա խնդիրները, ինչպես նաեւ մշակվելու են համագործակցության ու համատեղ զարգացման ուղիներ:

- Իսկ ի՞նչ համագործակցության փորձ կա ՀՀ ՏՏ-հատվածի եւ անիմացիոն ստուդիաների միջեւ:

- Համագործակցությունն անիմացիոն եւ ՏՏ ընկերությունների միջեւ այսօրվա դրությամբ սկսում է կայանալ հիմնականում համակարգչային խաղերի ստեղծման ոլորտում:

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է շուրջ 15 ընկերություն, որոնք զբաղվում են համակարգչային խաղերի ստեղծմամբ, նրանցից շատերը պատրաստակամություն են հայտնել մասնակցել MarAni-ին:

Բիզնես ֆորումին ընդհանուր առմամբ կմասնակցեն 20-ից 25 ընկերություններ` 7-ը անիմացիոն ստուդիաներ, իսկ մնացածը՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ:
ՏՏ ոլորտը բավականին հետաքրքված են ֆորումով, եւ այսօր մեզ արդեն աջակցում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), եւ Հայաստանի եռաչափ մոդելավորման միությունը, ընթացքում են բանակցությունները ՏՏ ոլորտի այլ ներկայացուցիչների հետ:   

- Որո՞նք են կայանալիք ֆորումի այլ շահագրգիռ կողմերը:

- Այսօր առանց անիմացիայի չի կարելի պատկերացնել ոչ միայն խաղերը, այլեւ ժամանակակից համակարգչային ծրագրերի մեծամասնությունը: Ֆորումը կհետաքրքրի նաեւ գովազդի շուկային, ճարտարապետական ստուդիաներին, շոու-բիզնեսին, անշարժ գույքի եւ կահույքի շուկաներում գործող ընկերություններին: Մի խոսքով` բոլոր նրանց, ում արտադրանքը, լուծումները եւ ծառայությունները կարող են ներկայացվել անիմացիոն տեխնոլոգիաների միջոցով:

Անիմացիան  Հայաստանում, որպես արվեստի ճյուղ, ունի 70-ից ավելի տարվա պատմություն: ReAnimania փառատոնի եւ MarAni բիզնես-ֆորումի նպատակը մեր անիմացիայի ավանդույթների վերակենդանացումն է, նրան նոր շունչ հաղորդելը: Այսօրվա դրությամբ Հայաստանի անիմացիոն շուկան շատ առումներով համադրելի է, օրինակ, Թուրքիայի անիմացիոն շուկայի հետ: Խոսքը գնում է ստուդիաների եւ տարեկան թողարկումների քանակի մասին, որոնք գրեթե նույնն են 3-միլիոնանոց Հայաստանում եւ 75-միլիոնանոց Թուրքիայում:

Այսպիսով, ոլորտում առկա է մեծ ներուժ եւ Հայաստանի անիմացիոն ստուդիաների հետագա հաջողությունները մեծապես կախված են կոմերցիոն պատվերների քանակից: Խոսքը գնում է, օրինակ, խաղերի, գովազդային եւ այլ տիպի տեսահոլովակների մասին:

Հայաստանյան գովազդատուները նույնպես հետաքրքրված են ֆորումով, քանի որ այստեղ նրանք կարող են անմիջապես տեղում ծանոթանալ գովազդ պատրաստող անիմացիոն ստուդիաների եւ եռաչափ մոդելավորողների կարողություններին:

Երբ անիմացիոն ստուդիաները հարստանան կոմերցիոն նախագծերով, նրանք կկարողանան արդեն թույլ տալ իրենց զբաղվել անմիջապես արվեստով եւ սեփական ուժերով մուլտեր նկարահանել:

- Որքան հայտնի է, նման բիզնես-ֆորումը մեր տարածաշրջանում չունի իր նախադեպը: Այս պարագայում, ինչպիսի՞ հետաքրքրություն է ցուցաբերվում MarAni-ի նկատմամբ արտասահմանյան պոտենցիալ մասնակիցների կողմից:

- Ներկա պահին հաստատված է 2 ֆրանսիական ՏՏ-ընկերությունների եւ 2 ամերիկյան ստուդիաների՝ հանրահայտ Exodus Film Group-ի եւ Fugitive Studios-ի մասնակցությունը: Վերջինիս ստեղծագործական տնօրենը, ի դեպ, հայազգի Ռոջեր Կուպելյանն է, որն ընդգրկված է եղել շուրջ 50 հոլիվուդյան ֆիլմերի արտադրությունում, որոնց թվում են «Մատանիների տիրակալը»  եռապատումը եւ «Տերմինատոր 4»-ը:

Հատկանշական է, որ ներկայումս Ռոջեր Կուպելյանը ձեռնարկել է Հոլիվուդում Վարդան Մամիկոնյանի մասին պատմական ֆիլմի ստեղծումը, եւ նախագծի հայաստանյան շնորհանդեսը տեղի կունենա հենց MarAni-ի ընթացքում: