10:37 | 27.04.10 | Հարցազրույցներ | exclusive 5023
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին եւ Itel.am-ին
- ԱՄՆ ձեր այցելության հիմնական նպատակը երիտասարդներին հրապուրելն էր գալ Հայաստան: Ի՞նչ եք կարծում, դա Ձեզ հաջողվե՞ց:
- Կարծում եմ` այո: Դա էր վկայում երիտասարդների աչքերի փայլը: Յուրաքանչյուր միջոցառումից հետո նրանք մոտենում եւ ասում էին` «մեզ ոգեւորեցիք, արթնացրիք հայրենիքի հանդեպ հույսը»: Նրանք պատկերացում չունեին, թե հայրենիքում ինչպիսին է իրավիճակը, չգիտեին, որ Հայաստանում գործում է այնպիսի ընկերություն, ինչպիսին է օրինակ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Մենք մեր ապրանքանիշը դուրս հանեցինք հայրենիքի սահմաններից եւ տարանք Հայոց աշխարհ, այսինքն` այնտեղ, ուր կան հայեր, եւ նրանց ծանոթացրեցինք մեր ընկերության հաջողություններին, ձեռքբերումներին: Պատմեցինք, թե ինչպես ընկերությունը կարող է սկսել զրոյից եւ նվաճումների հասնել` ընտրելով աշխատանքային մեկ այլ մշակույթ: Հաջողության գաղտնիքն այն է, որ մենք հավատում ենք, որ մենք հայ ժողովրդի մասնիկն ենք եւ աշխատում ենք այդ ժողովրդի համար: Մենք պարզապես ցանկացանք մեր երկիրը ներկայացնել հաջողակ ընկերության օրինակի վրա:
Երբ մեկնում էինք, չէինք պատկերացնում, թե ինչպիսին են լինելու արդյունքները: Երբ սկսեցինք ապրել այնտեղ, տեսնել, հասկանալ, գիտակցել, թե որքան ոգեւորող դեր խաղացինք մեր հայրենակիցների մտածելակերպի մեջ, դա մեզ ավելի լիցքավորեց: Այս արշավը մենք հպարտորեն օգտագործեցինք, որպեսզի ազդարարենք, որ մենք սիրում ենք մեր ինքնությունը եւ այդ սերը փոխանցում ենք մեր ինքնությանը ծառայելով: Մենք հստակ ասացինք նրանց, որ չեն կարող հայրենիքի մասին օբյեկտիվ պատկերացում կազմել` հիմնվելով այլոց պատմածների կամտարբեր հոդվածներ Նրանք պետք է այցելեն հայրենիք, շնչեն այս օդը, համտեսեն հացը, խմեն հայրենիքի ջուրը, ապա միայն կարծիք կազմեն ` արժե՞ , որ իրենք վերադառնան հայրենիք, թե մնան այնտեղ:
Կարևոր էր այն ուղերձը, որով մեր հայրենակիցներին հորդորում էինք համեմատությամբ տարբերություն չդնել մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև: Երբեք չասել “ՄԵՆՔ Սփյուռքում ենք , ՆՐԱՆՔ` Հայաստանում”: Մենք ՄԵԿ ազգ ենք, մեր երակներում հոսում է նույն արյունը եւ Հայրենիքն է մեր միակ երկիրը: Առանց դրա մենք բոլորս կկորչենք եւ կցրվենք աշխարհում:
Փորձեցինք բացատրել, որ չի կարող լինել հայրենիք առանց Հայոց աշխարհի, եւ Հայոց աշխարհ` առանց հայրենիքի: Մենք պետք է համախմբվենք հետեւյալ գաղափարի շուրջ` Հայրենիքը պետք է լինի ամեն ինչից վեր: Մեր hայրենիքը մեր ինքնությունն է, որտեղից սերում ենք մենք բոլորս: Սա մեր նախնիների հողն է, եւ այստեղ անձնական շահ չպետք է լինի:
Հայ երիտասարդներին ասացինք, որ երբ գան հայրենիք, չասեն` մենք ավելի շատ գիտենք, քան դուք:, Ապրելով արտասահմանում, Ýրանք տիրապետում են որոշ գիտելիքների, ինչը մտավոր հարստություն է: Իսկ նրանց հայրենակիցները տիրապետում են այլ գիտելիքների, ապրում են այլ մշակութային կյանքով, որին նրանք տեղյակ չեն եւ չունեն: Մենք պետք է մտածենք միասնական լինելու եւ մեկ հարուստ խառնուրդ ունենալու մասին, ինչն ավելի մեծ օգուտ կտա մեր ինքնությանն ու ազգային պատկանելությանը:
Ես երիտասարդներին մի քանի անգամ հարցրեցի` հա՞յ ենք, ասացին` այո, հայ ենք: Ասացի` ուրեմն մենք չպետք է մտածենք, թե ինչ կարող է մեզ տալ հայրենիքը, այլ յուրաքանչյուրս պետք է հարցնենք, թե ինչ կարող ենք անել մենք հայրենիքի համար:
Լինելով Հայաստանի բջջային առաջատար օպերատորը, “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը մեծ պատասխանատվություն է կրում` աջակցելով եւ պահպանելով մեր ազգային ինքնությանը: Մենք պետք է աշխարհի բոլոր հայերին ասենք, թե որքան հզոր է մեր Հայրենիքը եւ որքան մեծ է մեր բոլորի պատասխանատվությունը Հայրենիքի զարգացումն ու բարգավաճումը ապահովելու գործում:
Առաջին իսկ օրվանից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը սկսեց աշխատել այս գաղափարով եւ կարողացավ հաջողության հասնել թե աշխատանքի, թե այս գաղափարով առաջնորդվելու և նաև կրթելու շնորհիվ: Դա մեր ինքնությանը, զարգացմանը, հզորացմանը, բարեկեցությանը ծառայելու ավելի ճիշտ ձեւ է: Այստեղ պակաս կարեւոր դեր չունի նաեւ հայոց աշխարհը:
Եթե հիմա չսկսենք մտածել, աշխատել ու համախմբվել նշված գաղափարների շուրջ, այս հայրենիքն էլ մեզ չի մնա, եւ արդեն ուշ կլինի խոսել մեր ինքնության ու ազգային պատկանելության մասին: Խորհուրդ եմ տալիս հետեւել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի օրինակին: Յուրաքանչյուրը կարող է իր հնարավորության սահմաններում օգնել հայրենիքին` այն ամեն ինչից վեր դասելով:
- Դուք ասում էիք, որ այս նախաձեռնությունը շարունակական է լինելու: Կարելի՞ է ենթադրել, որ Լիբանան եւ ԱՄՆ կատարած այցերից կհետեւեն նորերը:
- Մենք ծրագրում ենք այս տարվա աշնանը այցելել այլ երկրներ եւս: Այնտեղ, որտեղ ներկա են մեր հայրենակիցները: Դեռեւս վերջնական չենք հստակեցրել երթուղին . հայրենակիցներ ունենք Եվրոպայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում եւ այլուր: Պետք է մանրամասն ընտրենք այն ժամանակն ու վայրը, որտեղ պետք է պատմենք մեր ընկերության մասին: ¹³ կարող է քաջալերել բոլոր նրանց ,, ովքեր ուզում են գալ եւ ներդրումներ անել հայրենիքում, ընտրել այն ճանապարհը, որն ընտրեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը : Նրանք անպայման հաջողության կհասնեն:
- Այդ մարդիկ, գալով Հայաստան, կարո՞ղ են ակնկալել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությունը: Հայաստանյան որոշ բուհերի ուսանողներին պրակտիկայի եք հրավիրում Ձեր ընկերություն. դա հնարավո՞ր է սփյուռքի ուսանողների դեպքում:
- Լիբանանի երիտասարդների համար մենք այդ հնարավորությունը ստեղծել ենք: Այս ամռանը Հայկազյան համալսարանի ուսանողները պետք է մեկամսյա գործնական դասընթացներ անցկացնեն մեզ մոտ: Դա նրանց հնարավորություն կտա տեսնել, թե ինչպես է աշխատում մեր ընկերությունը: Մենք նաեւ կամուրջ ստեղծեցինք տարբեր դպրոցների աշակերտների համար , որպեսզի նրանք հնարավորություն ունենան ամռանն այցելել Հայաստան:
ԱՄՆ դպրոցներում կան լաբորատորիաներ, որոնք փորձարկում են որոշ տեխնոլոգիաներ: Øենք որոշել ենք այնտեղ աշխատելու փորձ ունեցող աշակերտներին ընդգրկել ծրագրում, սակայն հաջորդ տարի:
Նպատակը, սակայն, առողջ մտածելակերպ արթնացնելն է. եթե «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը չլինի, մի՞թե նրանք հայրենիք պետք է չգան, հայրենիքի մասին չմտածեն: Հակառակը, մարդը պետք է քաջալերվի, քաջություն ունենա որոշում ընդունի ու այցելի: Եվ այստեղ ներկայացրեցի իմ օրինակը, թե ինչպես մոտ 9 տարի առաջ ընտանիքով որոշում կայացրեցինք ու եկանք հայրենիք:
- Հնարավո՞ր է, որ ժամանակի ընթացքում ավելի մնայուն մեխանիզմ մշակելու փորձ կատարվի: Օրինակ, ստեղծվի «ամառային դպրոց» սփյուռքի երեխաների համար:
- Ցանկությունները սահման չունեն: Մենք միշտ փորձում ենք ստեղծել գործիքներ որոշ նպատակների ծառայեցնելու համար: Մենք պետք է հասկանանք, թե ինչ արդյունք կունենա այդ ուսանողների ու աշակերտների այցը Հայաստան: Եթե տեսնենք քաջալերող արդյունք, ապա պատրաստ կլինենք մեր ծրագիրն ընդլայնել Ձեր ասած ուղղություններով: Չենք ցանկանում անմիջապես դիմել տարբեր քայլերի, քանի որ ուզում ենք լինել ավելի վստահ, հասնել ավելի երաշխավորված արդյունքների: