23:17 | 19.01.10 | Հարցազրույցներ | 4537

“Անհրաժեշտ են կամք, ցանկություն եւ մտածված պետական քաղաքականություն”

ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Itel.am պորտալին

Վերջին ժամանակներս Հայաստանում ակտիվորեն խոսում են գիտատար տնտեսության, երկրի զարգացման գործում այն գիտական ներուժի ներգրավման անհրաժեշտության մասին, որը հաջողությամբ գործում է աշխարհի տարբեր երկրներում: ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի թղթակիցը խնդրել է այդ գործընթացների վերաբերյալ իր տեսակետը ներկայացնել Դավիթ Յանին` ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահին:

Դավիթ Յանը ծնվել է 1968թ. Երեւանում: 1992թ. նա ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի /ՄՖՏԻ/ ընդհանուր եւ կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը: Լինելով ՄՖՏԻ-ի չորրորդ կուրսի ուսանող` Դավիթը հիմնել է իր առաջին ընկերությունը` BIT Software, որը հետագայում վերանվանվել է ABBYY: Դավիթ Յանը ՙԱյբ՚ ակումբի եւ հիմնադրամի հիմնադիրներից մեկն է: ՙԱյբ՚-ը մտադիր է Երեւանում ստեղծել Ayb Learning Hub (ALH) կրթական կենտրոնը:

- Այսօր արտասահմանում աշխատում են բազմաթիվ հայ մասնագետներ, ովքեր զբաղվում են հեռանկարային գիտական ուղղություններով: Ակնհայտ է, որ նրանց համար բավականին հարմարավետ է ապրել ու աշխատել այնտեղ: Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է կազմակերպել նրանց Հայաստանում ներգրավելու գործընթացը:

- Ի՞նչ կարող է տալ Հայաստանը գիտնականներին, ինչը չեն կարող տալ ԱՄՆ-ը, Եվրոպան, Ռուսաստանը: Հայկական արմատներ ունեցող արտասահմանյան գիտնականների խոսքերով, գլխավորը, ինչ կարող է տալ Հայաստանը, ուսանողական միջավայրն է: Ուսանողներն ու երիտասարդ գիտնականներն այն աշակերտներն են, որոնց նրանք կարող են փոխանցել իրենց գիտելիքները: Աշակերտներ, ովքեր կդառնան ուժեղ ակադեմիական գիտական դպրոցի վերածնման հիմքը:

Գիտության բազմաթիվ կայացած գործիչներ մի պահ սկսում են հատուկ կերպ վերաբերվել իրենց գիտելիքը նոր սերունդներին փոխանցելուն: Հենց ուսանողական միջավայրը կարող է ձգողության կետ ծառայել մեր այն համերկրացիների համար, ովքեր կցանկանային ինչ-որ բան անել Հայաստանի համար:

Առաջին փուլում լավագույն բուհերին կից հարկավոր է ստեղծել գիտաուսումնական լաբորատորիաներ: Այդ փուլից հետո` մի քանի տարի անց, կհայտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան շարունակել այդ գործը, եւ ահա այդ ժամանակ ի հայտ կգան ներդրողներ ու պետական միջոցներ, ինչն անհրաժեշտ է ավելի լուրջ լաբորատորիաներ զինելու համար:

Նույնիսկ եթե այսօր պետությունը միլիոնավոր դոլարներ հատկացնի Հայաստանում առաջավոր լաբորատորիաների ստեղծման համար, ովքե՞ր պետք է աշխատեն դրանցում: Ես այնքան էլ չեմ հավատում, որ Հայաստանում հնարավոր է ողջամիտ գումարով ստեղծել այնպիսի որակի լաբորատորիաներ, որոնք հնարավոր կդարձնեին գիտնականներ հրավիրել միմիայն գիտական աշխատանքի համար:

Ավելի իրատեսական է գիտնականներ ներգրավել հատուկ ստեղծված գիտաուսումնական լաբորատորիաներում եւ նրանց շուրջ ստեղծել երիտասարդ մասնագետների ՙբանակ՚: Մասնավորապես, այդ ուղով է ընթանում Չինաստանը: Գիտական կադրերը Չինաստանի կողմից ներգրավվում են ոչ այնքան լաբորատորիաներում, որքան ուսումնական հաստատություններում եւ դրանց առընթեր ոչ մեծ գիտական լաբորատորիաներում:

Միաժամանակ, պետք է հասկանալ, որ այդ գործընթացը եւս դյուրին չի լինելու, քանի որ Հայաստանում բարձրագույն դպրոցը նույնպես լուրջ բարեփոխման կարիք ունի:

- Ինչպե՞ս եք վերաբերվում ՙՀայկական աշխարհի՚ հայեցակարգին, որի շրջանակներում նախատեսվում է մտավոր եւ նյութական ապրանքների սպառող դարձնել ոչ միայն Հայաստանի բնակիչներին, այլեւ ողջ հայության ներկայացուցիչներին:

- Ինձ թվում է, որ այդ հայեցակարգի հաջող իրականացումը մեծ մասամբ կախված է կոնկրետ ծառայություններից եւ ապրանքատեսակներից, որոնք առաջարկվելու են սպառողներին: Եթե խոսքը մշակույթի ոլորտի մասին է, ապա, իհարկե, արժե ստեղծել ապրանքներ թատրոնի, կինոյի, երաժշտության, գրականության ասպարեզներում, որտեղ թիրախային լսարանը էթնիկ հայերն են:

Իսկ եթե խոսքը նյութական արտադրության մասին է, ապա այսօր աշխարհում տեղի ունեցող բոլոր գործընթացները հակառակ մոտեցում են թելադրում` ինտեգրում համաշխարհային շուկային: Այդ իմաստով Հայաստանին անհրաժեշտ է գտնել այնպիսի ապրանքատեսակների աճի կետեր, որոնց սպառողներ կդառնան ոչ միայն հայերը, այլեւ ողջ աշխարհը:

Եթե մենք ցանկանում ենք ստեղծել մրցունակ տեխնոլոգիա, պետք է որպես հիմք վերցնենք մրցունակ բազա, կողմնորոշվել դեպի առկա համաշխարհային մակարդակը եւ դրա հիման վրա ստեղծել որեւէ նորույթ:

Փայլուն օրինակ է Իսրայելը: Ոչ մեծ բնակչություն ունեցող եւ մշտապես պատերազմի պայմաններում ապրող երկրին 20 տարվա ընթացքում հաջողվեց դառնալ համաշխարհային առաջատարներից մեկը բիո- եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում: Մեկ այլ օրինակ է Ֆինլանդիան: Նույնպես ոչ մեծ պետություն բարդ կլիմայական պայմաններով եւ ալկոհոլի նկատմամբ բնակչության մի մասի հակվածությամբ: Այնուամենայնիվ, նրանք ստեղծեցին հիանալի, Եվրոպայում խոշորագույն տեխնոպարկերը: Ֆինլանդիայի մեկ տեխնոպարկն ավելի մեծ է, քան Ռուսաստանի բոլոր տեխնոպարկերը միասին վերցված: 

Ամեն ինչ հնարավոր է, պետք է միայն ուսումնասիրել լավագույն օրինակները, ընտրել գործուն ռազմավարություն եւ անշեղորեն հետեւել դրան:

Չինաստանը հսկայական երկիր է հսկայական բնակչությամբ եւ բարդ սոցիալական իրավիճակով: Այնուամենայնիվ, Չինաստանը գտել է արտասահմանում աշխատող իր համերկրացիների հետ համագործակցության ճիշտ ուղին. նրանք սկսել են վերադառնալ, եւ այն, ինչ հիմա տեղի է ունենում այնտեղ, պարզապես ցնցում է երեւակայությունը: Մեկ ուրիշ փայլուն օրինակ է Թայվանը: Դա առանց բնական ռեսուրսների փոքր կղզյակ է, որի տարածքի 80%-ը զբաղեցնում են սարերը: Բնակչությունն ապրում է մայրցամաքային Չինաստանի կողմից ամբողջական շրջափակման պայմաններում: Այնուամենայնիվ, այդ երկրում արտադրվում է ողջ աշխարհի էլեկտրոնային բաղադրիչների մոտ 60%-ը:

Այսպիսով, այդ ամենն արդեն արվում է աշխարհում: Անհրաժեշտ է գիտնականների, արդյունաբերողների եւ մեկենասների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել, որի գործառույթը կլինի նշված երկրների փորձի ուսումնասիրությունը. ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ներդրումային կապիտալի ներգրավման համար, որի հիման վրա սկսում են աճել դպրոցներն ու բուհերը:

Այն ձեռնարկատիրական ջիղով, որն առկա է Հայաստանում, այստեղ ապրող մարդկանց ստեղծագործական պաշարով դա միանգամայն հնարավոր է: Անհրաժեշտ են կամք, ցանկություն եւ մտածված պետական քաղաքականություն, որը կգլխավորեն ներդրողների վստահությունը վայելող մարդիկ: Եվ այդ ժամանակ Հայաստանում ներդրումային հիմնադրամներ կստեղծվեն ոչ միայն Հայաստանում ծնված մարդկանց կողմից:

Հայաստանի բնակչությանն անհրաժեշտ է գիտակցել, որ միայն իրենցից է կախված հաջողությունը` ինչպես անձնական, այնպես էլ պետությանն առհասարակ: