14:59 | 10.07.18 | Նորություններ | 14285

Beeline-ը եւ Գործատուների միությունը կաջակցեն դպրոցականների կարիերայի պլանավորմանը

Beeline-ը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) հայտարարում են նոր ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է դպրոցականների շրջանում գործարար մտածելակերպի զարգացմանը եւ կարիերայի պլանավորմանը։

Ծրագրի շրջանակում 5 դպրոցների աշակերտներին ներկայացվելու են տնտեսության արագ զարգացող ճյուղերը եւ աշխատաշուկայի պահանջները։ Ծրագրին մասնակցող 9-12-րդ դասարանների աշակերտները ձեռք են բերելու նոր հմտություններ ՏՏ եւ ինժեներական խնդիրների լուծման համար, այցելելու են տարբեր ձեռնարկություններ, ստանալու են արտադրությունների վերաբերյալ գործնական գիտելիքներ եւ սեփական բիզնեսը սկսելու հնարավորություն։

«Երիտասարդների զբաղվածության խնդիրն ամենաարդիականներից մեկն է այսօր Հայաստանում, եւ, կարծում եմ, ցանկացած աջակցություն այդ հարցում խիստ կարեւոր է։ Այդ իսկ պատճառով, աշխատելով ՏՏ ոլորտում եւ քաջատեղյակ լինելով այդ շուկայի պահանջներին, մենք մեր պարտքն ենք համարում երիտասարդների ուղղություն ցույց տալ, որպեսզի նրանք համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերեն», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline-ը ՀԳՀՄ-ի ակտիվ անդամ կազմակերպություն է եւ մշտապես աջակցում է երիտասարդների զբաղվածության խթանմանն ու մոտիվացիայի բարձրացմանը՝ մնալու Հայաստանում եւ զարգացնելու սեփական բիզնեսը կամ կարիերան: Ուզում եմ պարոն Պյատախինին մեր երախտագիտությունը հայտնել արդյունավետ համագործակցության համար։ Ասեմ, որ այս ծրագրի շրջանակում եւս մեկ հնարավորություն է ստեղծվում խթանելու կապը դպրոցների եւ աշխատաշուկայի միջեւ», - ասել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը։

Ծրագրի շրջանակում կբարելավվի դպրոցների «Տեխնոլոգիա» առարկայի ծրագիրը, լրացուցիչ մոդուլներ կմշակվեն, իսկ ուսուցիչները համապատասխան վերապատրաստում կանցնեն։