12:48 | 10.07.18 | Նորություններ | 4891
Օրերս Հայաստանի մանուկներ հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնում կայացել է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցների կողմից ստեղծած «Լաբիրինթոսից ելք գտնող» ռոբոտների մրցույթը:
Տեխնոճամբարի առաջին հոսքը միավորել է Հայաստանի եւ Սփյուռքի 10-14 տարեկան շուրջ 220 դպրոցականի:
Տասնօրյա տեխնոլոգիական ճամբարի 13 ջոկատների բաժանված մասնակիցների առջեւ խնդիր է դրվել՝ պատրաստել լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտներ: Նրանք խնդիրը լուծել են «ՍԵՌՈԲ 3» ռոբոտի հավաքածուի եւ Arduino/Raspberry հարթակների միջոցով՝ օգտագործելով c++, python, snap ծրագրավորման լեզուներ, որոնք յուրացրել են ճամբարի ընթացքում:
Մրցույթի հաղթող է ճանաչվել թիվ 11-րդ ջոկատը, որտեղ ընդգրկված էին Երեւանի եւ Տավուշի մարզի արմաթցիներ ու այլ դպրոցականներ: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ (Երեւանի դպրոցականներ եւ Լոռու մարզի ու Արցախի Նորշեն համայնքի արմաթցիներ) եւ 3-րդ ջոկատները (Երեւանի եւ Մատաղիսի արմաթցիներ):
Երեխաների հետ աշխատել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի մենթորները, իսկ երեխաների աշխատանքները գնահատել են մրցույթի ժյուրիի անդամները, որի կազմում ընդգրկված էին ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, «Սայմոտեկ» ընկերության տնօրեն Հրաչյա Խաչատրյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը եւ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի Next-Gen լաբորատորիայի եւ ՏՏ ծրագրերի համակարգող Հայկ Ոսկանյանը:
Մրցույթի ավարտին հաղթողները ստացել են պատվոգրեր եւ խրախուսական մրցանակներ ինչպես ռոբոտների մրցույթի, այնպես էլ տեխնոճամբարի շրջանակում տեղի ունեցած ֆուտբոլի, լողի եւ «Ամենա-արմաթցի» մրցույթների հաղթանակների համար:
2016թ.-ից իրականացվող տեխնոճամբարի իրականացմանն աջակցում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հովանավորներ՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամը, Ucom ընկերությունը, «Վորլդ Վիժն Հայաստանը», «Ջավախքի Աջակցություն» հիմնադրամը, «Հախվերդյան շինմոնտաժը», «Բեյս Մեթալսը», «Հայ կրթություն» կրթական հիմնադրամը, «Լիդիան Արմենիան», «Նազարյան» կրթական հիմնադրամը եւ «Հայ կրթական հիմնարկությունը»:
«Արմաթ» ամառային ճամբարն իրականացվում է «Արմաթ» ցանցի հիմնադիր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: Ճամբարն անցկացվում է Լոռու մարզի «Գուգարք» ճամբարի տարածքում երկու հոսքով (հուլիսի 1-10, հուլիսի 10-18):