13:06 | 12.06.18 | Նորություններ | 5812

Պոլիտեխնիկի ինովացիոն ինկուբատորը կաջակցի ՀՀ ստարտափներին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է Պոլիտեխնիկի ինովացիոն ինկուբատորը, որն աջակցելու է ինչպես Պոլիտեխնիկի ուսանողներին, այնպես էլ նորարար գաղափարներ ունեցող բոլոր անհատներին:

Այն ունի աշխատելու համար նախատեսված տարածքներ, կլոր սեղան քննարկման միջավայր, համակարգչային տեխնիկայով հագեցած սենյակներ եւ այլն:

Ինկուբատորը տրամադրելու է անվճար բիզնես խորհրդատվություն՝ կապված ստարտափների ձեւակերպման իրավաբանական խնդիրների, գաղափարների առեւտրայնացման, դրանց ճիշտ կառավարման եւ այլ հարցերի հետ: Այն կհյուրընկալի մասնագետների Հայաստանից եւ արտերկրից, որոնք խորհրդատվություն կտրամադրեն երիտասարդներին:

«Պոլիտեխնիկի ինովացիոն ինկուբատորը հնարավորություն կտա երիտասարդներին զարգացնել իրենց գաղափարները, իսկ այսօրվա երիտասարդությունը բավականին ակտիվ է: Որքան շատ լինեն նման ինկուբատորները, այնքան ավելի կմեծանան հնարավորությունները ՏՏ ոլորտի նորամուտների համար»,- նշել է ANEL լաբորատորիաների կոորդինատոր Ամալյա Մխիթարյանը:

Ինկուբատորը բացվել է Եվրոպական միության «Էրասմուս+» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների եւ ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում (InnoCENS)» նախագծի շրջանակում: