12:13 | 11.06.18 | Նորություններ | 6182

GSU Mobile հավելվածը կպատմի Գավառի պետական համալսարանի առօրյայի մասին

Գավառի պետական համալսարանը գործարկել է GSU Mobile հավելվածը, որը հնարավորություն է տալիս մոբայլ հարթակի միջոցով ստանալ տեղեկատվություն համալսարանի մասին:

Այն հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում:

Եռալեզու բջջային հավելվածի միջոցով կարելի է հետեւել համալսարանական անցուդարձին, ծանոթանալ դասացուցակներին, քննաշրջանի եւ լուծարային շրջանի ժամանակացույցերին, օգտվել համալսարանի կողմից տրամադրվող ծառայություններից, ինչպես նաեւ ստանալ տարբեր ծանուցումներ անմիջապես հեռախոսի միջավայրում։

Հավելվածում հասանելի է նաեւ ԳՊՀ հեռախոսահամարների տեղեկատուն, ինչը թույլ է տալիս անմիջապես հեռախոսով զանգ կատարել։

Հավելվածը մշակվել է Luseen Mobile ընկերության հետ համագործակցության շրջանակում՝ ԳՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մասնակցությամբ։

«Հավելվածի կարեւոր առանձնահատկություններից է ծանուցումների համակարգի առկայությունը, ինչպես նաեւ ոչ առցանց (offline) ռեժիմում աշխատելու հնարավորությունը»,- նշել է Գավառի պետական համալսարանի ՏՏ բաժնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը։