16:19 | 08.06.18 | Նորություններ | 3211

«Կասպերսկի»-ն եւ «ՀայՏեք»-ը կիբեռանվտանգության սեմինար են անցկացրել

Երեւանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ն եւ «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնը հունիսի 8-ին անցկացրել են կիբեռանվտանգության սեմինար՝ ուսանողների եւ դասախոսների համար։

Սեմինարին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության մասնագիտությունների կրթական ծրագրեր իրականացնող ՀՀ բուհերի ուսանողներ ու դասախոսներ։

Անցկացվել է «Ինտերակտիվ կիբեռնմանակում» խորագրով խաղ, որի ընթացքում սեմինարի մասնակիցները հմտություններ են ձեռք բերել իրական կիբեռհարձակմանը նմանակող պայմաններում անվտանգության խնդիրներ լուծելով։ Խաղի հաղթող թիմն ստացել է մրցանակ։

««Կասպերսկի Լաբորատորիա»-ն բազմաթիվ երկրներում մեծ ջանքեր է գործադրում ուսանողների շրջանում կիբեռանվտանգության ոլորտի հմտությունները զարգացնելու ուղղությամբ։ Հայաստանում այդ ծրագրերը կենտրոնացած են Հայ-Ռուսական եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններում։ Սակայն անհրաժեշտություն կար, որ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի կիբեռանվտանգության արդիական տեխնոլոգիաները եւ գործիքները ներկայացվեն ուսանողների ավելի լայն շրջանակի»,- նշել է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը: