Ռուբեն Սեմերջյանը
11:25 | 01.06.18 | Հարցազրույցներ | exclusive 103601
Ապրիլի վերջին Երեւանում առաջին անգամ անցկացվեց Code in the Dark տեխնոմրցույթը, որը կազմակերպել էին շվեդական TechBuddy եւ հայաստանյան Accontech ընկերությունները:
Code in the Dark-ը հաքաթոնների ինտենսիվ սպորտային տարբերակն է եւ կենտրոնացած է front-end (HTML, CSS) ծրագրավորման վրա:
Itel.am-ն այս առիթով զրուցել է միջոցառման կազմակերպիչ Accontech ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռուբեն Սեմերջյանի հետ:
- Որքանո՞վ արդարացան Code in the Dark տեխնոմրցույթից ձեր սպասումները: Ինչպիսի՞ն են տպավորությունները:
-Պետք է ասեմ, որ արդյունքները չափազանց ոգեւորիչ էին: Մասնակիցների մի զգալի մաս շատ երիտասարդ էր ու շատ ոգեւորիչ է, որ կարողանում է այդ տարիքում նման արդյունքներ ցույց տալ:
Սկզբում 150 հոգի էր գրանցվել, սակայն անցկացման օրը համընկավ Երեւանում կազմակերպված հուժկու հանրահավաքներից մեկի հետ: Այդ պատճառով որոշեցինք միջոցառումը մեկ օր շուտ իրականացնել:
Այնպես ստացվեց, որ մրցույթին կարողացավ մասնակցել 28 հոգի: Մրցույթը 4 փուլով էր, որոնցից լավագույնները մրցեցին եզրափակչում:
Մասնակիցները հետաքրքիր առաջադրանքներ էին ստացել՝ նրանց ցուցադրվում էր նկար, եւ նրանք ունեին 15 րոպե տեքստային խմբագրիչում համապատասխան կոդ գրելու համար: Պետք է նշել, որ մասնակիցները չունեին իրավունք աշխատանքի ընթացքում դիտելու իրենց գրած կոդի արդյունքը: Նպատակն էր ստանալ նկարին որքան հնարավոր է համապատասխան կոդ:
Հաղթողը BetConstruct ընկերությունից Հակոբ Տեր-Պողոսյանն է, ով որպես մրցանակ, կստանա ուղեւորություն դեպի Բարսելոնա:
Իրականում բոլոր մասնակիցներն են ստացել բացառիկ նվեր`Amazon Web Service-ը նրանցից յուրաքանչյուրին $500-ին համարժեք կրեդիտ է տրամադրել:
- Գիտեմ, որ բացի Code in the Dark մրցույթը, TechBuddy-ի հետ համագործակցության այլ եզրեր եւս ունեք: Պատմեք դրանց մասին:
- Երկար պայքարի արդյունքում կարողացանք TechBuddy-ի տեխնիկական մասը Հայաստան բերել: Ներկայում TechBuddy-ի ծրագրավորման ամբողջ թիմը, որը մեր ընկերության թիմն է, աշխատում է Երեւանից:
TechBuddy-ն շատ հայտնի է Շվեդիայում եւ Իսպանիայում: Հարթակն առաջարկում է կենցաղային խնդիրների լուծում՝ համապատասխան մասնագետների միջոցով: Պատվիրատուն համոզված է լինում, որ կստանա որակյալ ծառայություն, որովհետեւ գիտի, որ կա միջանկյալ ընկերություն, որը պատասխանատվություն է կրում մատուցվող ծառայության որակի համար: Առաջիկայում ծառայությունը կընդլայնվի եւս 8 եվրոպական երկրում: Ի դեպ, TechBuddy-ի համահիմնադիրներից մեկը հայ է:
Հայաստանյան թիմը 9-հոգանոց է, շատ ծանրաբեռնված ենք աշխատում: Ճիշտ է դեռ հասցնում ենք, բայց հաշվի առնելով հեռանկարները, ընդլայնում ենք թիմը: Մի շարք թափուր աշխատատեղեր ունենք, որոնց մասին տեղեկատվությունը հասանելի է այստեղ:
Մեզ հաջողվել է ապացուցել, որ հնարավոր է պրոֆեսիոնալ մակարդակի նախագիծ իրականացնել Հայաստանում, եւ որ այստեղի աշխատանքային մշակույթը համապատասխանում է եվրոպականին:
Պատրաստ ենք նաեւ մեր ընկերությունում ինթերնշիփ առաջարկել ոչ միայն համալսարանը նոր ավարտած երիտասարդներին, այլեւ նրանց, ովքեր դեռ սովորում են:
Մեկ այլ նպատակ է Հայաստան սերտիֆիկացնող ընկերությունների բերելը, որպեսզի պատրաստվեն միջազգային չափանիշների համապատասխան մասնագետներ:
Ռուբեն Սեմերջյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը