14:35 | 26.04.18 | Նորություններ | 7958

Երեւանում կներկայացվեն Դրեյփերի համալսարան դիմելու հնարավորությունները

Ապրիլի 27-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում կկայանա տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կներկայացվի Սիլիկոնյան հովտում գործող Դրեյփերի համալսարանի ամառային ծրագրին (Hero Training) դիմելու մանրամասները:

Տեղեկատվական միջոցառումը կազմակերպել է Armenia Startup Academy-ն: Միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Հանդիպման ընթացքում Դրեյփերի համալսարանի շրջանավարտ եւ SmartGateVC-ի գործընկեր Համբարձում Քաղկեցյանը կպատմի սեփական տպավորությունների մասին, եւ կխոսի այն մասին, թե ինչպես ստանալ ներդրում միլիոնատիրոջից:

Հայաստանից դիմող եւ Armenia Startup Academy-ի կողմից երաշխավորվող 5 թեկնածուները համալսարան դիմելիս կստանան զեղչի հնարավորություն:

Դրեյփերի համալսարանի հիմնադիրը վենչուրային հայտնի կապիտալիստ Թիմ Դրեյփերն է, որը Skype, Baidu, Hotmail եւ Tesla ընկերություններում առաջինն ներդրողներից է, ինչպես նաեւ բիթքոինին ամենաառաջին հավատացողներից մեկը:

Համալսարանի Hero Training ծրագիրը հնարավորություն է տալիս 5 շաբաթ անցկացնել Սիլիկոնյան հովտում, սեփական գաղափարը վերածել պրոդուկտի եւ ներկայանալ 80-ից ավելի ներդրողների եւ ձեռներեցների:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը մայիսի 30-ն է: Այն կմեկնարկի հունիսի 17-ին:

Հիշեցնենք, որ տարեսկզբին հայտնի դարձավ, որ Թիմ Դրեյփերը ներդրում է կատարել SmartGateVC-ում: