18:05 | 05.03.18 | Նորություններ | 4089
Մարտի 1-ին «Այբ» դպրոցում անցկացվող «Հաջողության Բանաձեւ» նախագիծը հյուրընկալել էր «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանին եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանին։
«Ռոստելեկոմ»-ի ղեկավարը վարպետության դասի ընթացքում հյուրերի հետ կիսվել է հաջողության իր բանաձեւով՝ ներկայացնելով ՏՀՏ ոլորտում շուրջ 20 տարվա կուտակած իր փորձառությունը, բիզնեսի ստեղծման ու առաջխաղացման, ինչպես նաեւ հաջողության ճանապարհին դժվարությունները հաղթահարելու հմտություններով։
«Նախքան որեւէ գործ սկսելը յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե ինչ դերակատարում է ցանկանում ունենալ՝ լինել վարձու աշխատակից, թե՝ հիմնադիր, եւ պատկերացնի սեփական տեղը համակարգում։ Յուրաքանչյուր կառավարիչ, գործարար հասնում է հաջողության` օգտագործելով սեփական մեթոդները, ունենալով սեփական երազանքներն ու տեսլականը եւ, եթե նայենք աշխարհի ամենահաջողակ գործարարների օրինակներին, ապա կարելի է նկատել, որ նրանցից յուրաքանչյուրը իր հաջողության կերտողն է, իր իսկ ուրույն ուրվագծով։ Դա է պատճառը, որ պետք է բաց լինել նորարարությունների եւ նորամուծությունների համար անկախ գործունեության ոլորտից ու տեսակից»,- նշել է Հայկ Ֆարամազյանը։
Նրա խոսքով՝ չնայած, որ բիզնես վարելու ունիվերսալ կանոններ չկան, սակայն կան բիզնեսի կայացման որոշակի փուլեր:
«Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրենը նշել է, որ բիզնեսի կայացման առաջին կարեւոր փուլը հենց բիզնեսի գաղափարի մշակումն է, որի ընտրության ժամանակ պետք է երազել, ունենալ ոգեշնչող, բայց միեւնույն ժամանակ նաեւ իրագործելի գաղափարներ։
Խոսնակի մատնանշած հաջորդ կարեւոր փուլերից մեկը՝ կայունացման գործընթացն է, «որի ընթացքում անհրաժեշտ է չկորցնել իրականության զգացումը, երբ ամեն ինչ լավ է, եւ անընդհատ ընդլայնվելուն չձգտել, քանի որ ընկերությունը կարող է անդունդում հայտնվել՝ տարված խոշորացման ու զարգացման մոլուցքով»:
Ամփոփելով՝ Հայկ Ֆարամազյանն ընդգծել է, որ միշտ պետք է պատրաստ լինել խնդիրների ու խոչընդոտների եւ առանց ավելորդ էմոցիաների շարժվել առաջ, գաղափարակիցների ու գործընկերների աջակցությամբ վստահ հաղթահարել բոլոր մարտահրավերները: