14:27 | 20.12.17 | Նորություններ | 22436

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բնակարանաշինության ծրագիրը շարունակվում է

Բնակարանաշինության ծրագրով ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում ընթացիկ տարում ավարտին է հասցվել յոթ ընտանիքի կիսակառույց տան շինարարություն: Եվս ութ ընտանիք վերանորոգել, կահավորել կամ ջեռուցման համակարգ է տեղադրել Ռալֆ Յիրիկյանի անձնական ֆինանսավորմամբ:

Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի կիսակառույցներից մեկն ընթացիկ տարվա գարնանն ընդգրկվել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող՝ բնակարանաշինության 2017 թվականի ծրագրում:

«Այս ընտանիքը 2017 թվականին իրագործված բնակարանաշինության ծրագրի առաջին շահառուներից է: Հիշում եմ, տանտերերի անակնկալի գալը՝ ծրագրում ընդգրկվելու մասին լուրը լսելով, հիշում եմ նաեւ վաղվա հանդեպ լավատեսությունը նրանց աչքերում՝ շինարարություն իրականացնելու ընթացքում: Այսօր այս ընտանիքի երազանքն իրականություն է: Ուզում եմ հավատալ, որ այս քարե պատերի պես ամուր է նաեւ այս ընտանիքի կամքը: Սեփական երկրում ապրելու, ստեղծածը պահպանելու եւ առաջ գնալու միտքը պետք է կուռ լինի տան հիմքերի պես»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: