11:25 | 20.12.17 | Նորություններ | 6598

ՀՀ-ում երեխաների 79,2%-ը ինտերնետում հետաքրքրվում է առցանց շփմամբ

Հայաստանում 2017թ. հունվար-սեպտեմբերին 8-16 տարեկան երեխաների 79,2%-ը համացանցում հետաքրքրվել է առցանց շփման միջոցներով, 6,7%-ը՝ ձայնագրությունների եւ տեսագրությունների ռեսուրսներով, ծրագրային ապահովմամբ, ինչպես նաեւ խաղերով՝ 5,6%։

Այս մասին է վկայում Kaspersky Security Network ամպային ծառայության վիճակագրությունը, որը կազմվել է Հայաստանում գտնվող, միացված «Ծնողական հսկողության» ծրագրով համակարգիչներից տարբեր համացանցային ռեսուրսներ այցելությունների հիման վրա։

Հայաստանցի երեխաներին ինտերնետ-տիրույթում նաեւ հետաքրքրել են թմրամիջոցները, ոգելից խմիչքները եւ ծխախոտը (5,1%), անվայել բառապաշարը (1,8%), համացանցային խանութները (1,1%) եւ նշված տարիքի երեխաների 0,4%-ին հետաքրքրել է պոռնկագրությունը։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները նաեւ պարզել են, որ դեռահասների 56%-ն ասում է, թե մշտապես համացանցում է, 8-ից 16 տարեկան երեխաների եւ դեռահասների 58%-ն իրենց ծնողներից թաքցնում է իրենց որոշ գործողությունները համացանցում, 18%-ը համացանց են մտնում այն ժամանակ, երբ ծնողները տանը չեն։

Միաժամանակ, ծնողների ավելի քան 95%-ը վախենում է երեխաների վրա համացանցի բացասական ազդեցությունից։ Այդ կապակցությամբ ծնողների ամենատարածված վախը երեխայի առողջության վրա համացանցի ազդեցությունն է, որից զգուշանում է ծնողների 59%-ը։ Նրանց 54%-ը վախենում է երեխաների մոտ համացանցից կախվածության առաջացումից, 53%-ը՝ որ երեխաները կտեսնեն անցանկալի բովանդակություն։

Ծնողների 44%-ի վախերը կապված են համացանցում անծանոթների հետ երեխաների հնարավոր շփման հետ, իսկ 36%-ը վախենում է, որ այդ շփումը կարող է վերաճել իրական կյանքում շփման։ Այդ պայմաններում ծնողների 20%-ը ոչինչ չի ձեռնարկում համացանցի բացասական ազդեցությունից իրենց երեխաների պաշտպանության համար, եւ միայն 20%-ն է կիրառում ծնողական հսկողության գործառույթներով պաշտպանական ծրագրային ապահովում։   

«Համացանցի նման սպառնալիքներից երեխաների պաշտպանության համար խորհուրդ է տրվում կիրառել ծնողական հսկողության գործառույթներով ծրագրային ապահովում, ինչպիսին է Kaspersky Safe Kids-ը։ Այն թույլ է տալիս երեխաներին արգելափակել անցանկալի կայքերից եւ հավելվածներից, հետեւել նրանց զանգերին եւ սոցիալական ցանցերում շփմանը, ինչպես նաեւ վերահսկել նրանց տեղաշարժը եւ համացանցին միացած սարքերի օգտագործման ժամանակը»,-պարզաբանել է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։