Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:
Այսօր Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:
Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:
13-ամյա Սերգեյ Վարդանյանը ծրագրավորման մի քանի լեզու գիտի, ռոբոտներ եւ մոբայլ խաղեր է պատրաստում:
«Սեփական ուժերով պատրաստած ռոբոտ ունեմ: Այն աշխատացնելու համար համակարգչով հատուկ ծրագիր եմ մշակել, որը թույլ է տալիս կառավարել ռոբոտին: Ավելի ուշ նաեւ մոբայլ հավելված կպատրաստեմ: Ռոբոտը կարողանում է շարժվել: Այն պատրաստելիս ռոբոտաշինության խմբակում ստացած գիտելիքներս եմ օգտագործել, հարցերի դեպքում էլ դիմում եմ Google-ին»,- պատմում է Սերգեյը:
Սերգեյ Վարդանյանը
photo © Մեդիամաքս
Պատանի ծրագրավորողը հաճախում է 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիա:
Տիրապետում է C++, Java, C#, HTML, JavaScript լեզուներին: Առաջիկա տարում պատրաստվում է ծրագրավորման այլ լեզուներ սովորել, ինչպես նաեւ խորացնել գիտելիքները C++,-ի , Java-ի եւ C#-ի ասպարեզում:
Սերգեյը երկու մոբայլ խաղ է մշակել:
«Առաջինում ռոբոտը պլատֆորմի վրայով վազում է եւ սպանում թշնամիներին: Երկրորդ խաղը լրացված իրականության (AR) տարրերով է ՝ռոբոտով կարող ես քայլել, թռչել փշերի վրայով: Խաղն այս պահին ստեղծման շրջանում է, մի քանի ամսից այն հասանելի կլինի iOS եւ Android
Սերգեյ Վարդանյանը
photo © Մեդիամաքս
Սերգեյի երազանքն է ընդունվել արտասահմանյան բուհ եւ ծրագրավորում սովորել: Երազանքի աշխատավայրն է Սիլիկոնյան հովտի Google-ը: Ասում է, որ շատ է կարդացել այնտեղի աշխատանքային պրոցեսի մասին եւ հավանել է:
Բլից հարցեր՝- Ֆուտբո՞լ, թե՞ տանը՝ համակարգչային խաղ:- 50/50: Եթե լավ եղանակ է, կնախընտրեմ լինել դրսում: Բակում հիմնականում դասարանցիներիս հետ եմ խաղում: Տանը, եթե տրամադրություն եմ ունենում, համակարգչով խաղ եմ խաղում, եթե ոչ՝ նոր բաներ եմ սովորում, կարդում:
- Ինչի՞ վրա կծախսեիր վաստակածդ առաջին միլիոնը: - Ավելի հզոր համակարգիչ կգնեի, որ գործերս ավելի լավ անեի: Աշխարհում կճանապարհորդեի, նոր ստարտափներում ներդրումներ կիրականացնեի: Գումար կներդնեի նաեւ տարբեր տեխնոլոգիական խմբակներում, որպեսզի ավելի շատ երեխաներ ներգրավվեին դրանցում:
- Արձակուրդ Սիլիկոնյան հովտո՞ւմ, թե՞ հանգիստ Մալդիվյան կղզիներում:- Մեկ ամիս Սիլիկոնյան հովտում, մեկ ամիս էլ՝ Մալդիվներում: Բայց Սիլիկոնյան հովիտն առաջին տեղում է:
- ՏՏ ո՞ր հայտնի դեմքի հետ կցանկանայիր ճաշել:- Բիլ Գեյթսի, քանի որ ներդրում կուզեի իմ ստարտափի համար՝ 1 մլն դոլարի չափով: Բանակցությունների ընթացքում Գեյթսի հետ ավանդական հայկական խորոված կուտեինք:
Նարինե ԴանեղյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի