10:36 | 19.09.17 | IT պատանիներ | exclusive 124029

IT պատանիներ. Հայկ Հյուսիսյան

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:

Այսօր Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

10-ամյա Հայկ Հյուսիսյանը հնագիտության ոլորտում տեխնոլոգիաներ է մշակում, ռոբոտներ պատրաստում եւ հետաքրքրվում VR (վիրտուալ իրականության) տեխնոլոգիաներով:

«5 տարեկանից եմ տեխնոլոգիաներով հետաքրքրվում, երբ առաջին անգամ սկսեցի համակարգչային խաղ խաղալ: Եղբայրս համակարգիչ էր ներբեռնել Need for Speed խաղը: Շատ հավանեցի, ամեն օր խնդրում էի, որ միացներ ու մոտ կես ժամ խաղայի: 8-9 տարեկան էի, երբ ծնողներս ինձ նվիրեցին իմ առաջին հեռախոսը՝ Samsung Galaxy J1: Տարբեր խաղեր եմ խաղում, որոնք օգնում են, օրինակ, բառապաշարս բարելավել, նկար գուշակել»,- պատմում է նա:

Անցած տարի Հայկը հաճախել է նաեւ պատանի հնագետի խմբակ.

photo © Մեդիամաքս


«Ստեղծել եմ մեխանիկական ձեռք, որը հնարավորություն է տալիս ոսկորները հանել պեղումների ժամանակ: Եթե ձեռքով անես այդ գործընթացը, կարող են օրգանիզմ ներթափանցել շատ թունավոր նյութեր: Գործիքով աշխատելիս ոսկորները կարող են կոտրվել, ԴՆԹ-ն հնարավոր է` չպարզվի, այդ խնդիրներից խուսափելու համար եմ այս ձեռքը մշակել: Պատրաստել եմ մեկ այլ մեխանիզմ եւս՝ Duster-ը: Այն կարողանում է մաքրել սեպագրերը, իսկ երբ մութ է, հատուկ լամպը լուսավորում է աշխատանքդ»,- պատմում է Հայկը:

Հայկ Հյուսիսյանը Հայկ Հյուսիսյանը
photo © Մեդիամաքս


Պատանի հնագետը նաեւ ոոբոտաշինությամբ է հետաքրքրվում.

««Արմաթ» խմբակում սկսեցի զարգացնել գիտելիքներս, տեխնիկայի հետ աշխատել, եւ ռոբոտներ ստեղծել: Ստեղծել եմ նաեւ VR ակնոցներ: Դա արեցի այն բանից հետո, երբ ռոբոտաշինության խմբակով այցելեցինք Arloopa ընկերություն, որտեղ մեզ VR ակնոցներ ցույց տվեցին: Ես շատ էի տպավորվել եւ ինքս պատրաստեցի ակնոցներ, որոնցով հիմա հնարավոր է VR նայել»:

Հայկը ծրագրում է առաջիկա մեկ տարում զարգացնել ինժեներական գիտելիքները եւ պատրաստել ավելի լավ գործիքներ, որոնք կխթանեն հնագիտության զարգացումը:

Հայկ Հյուսիսյանը Հայկ Հյուսիսյանը
photo © Մեդիամաքս


«Մասնագիտություն դեռ չեմ ընտրել, բայց երեք սիրելի մասնագիտություն ունեմ: Առաջինը հնագիտությունն է, որպեսզի պեղեմ եւ իմանամ անցյալի մադկանց առօրյաի, ապրելակերպի, հողի շերտերի մասին: Երկրորդը՝ բժիշկն է. տատիկս բժիշկ է, եւ ես էլ եմ ցանկանում դառնալ բժիշկ: Իսկ երրորդը՝ ինժեներությունն է. ցանկանում եմ ինքս տեխնիկա ստեղծել»,- պատմում է Հայկը:

Բլից հարցեր՝

- Ֆուտբո՞լ, թե՞ տանը՝ համակարգչային խաղ:

- Երկուսն էլ: Եթե բակում մարդ չլինի, չեմ իջնի բակ: Կարծում եմ՝ VR խաղերն իրական կյանքը չեն փոխարինում: Ավելի լավ է իրականում ինչ-որ զբաղմունք ունենաս, քան գնաս տուն եւ նստես համակարգչի առջեւ: Օրական 2-3 ժամ եմ անցկացնում համակարգչի մոտ: Շատ եմ սիրում ստրատեգիա ժանրի խաղեր, քանի որ դրանք մտածել են ստիպում:

- Աշխարհի երեսից վերացել են համակարգիչներն ու սմարթֆոնները, ի՞նչ կանեիր:

- Կփորձեի ինքս ստեղծել, բայց այնպես ստեղծեի, որ դրանք այլեւս վերացնել չլիներ: Նաեւ այնպիսի նյութերով դրանք կստեղծեի, որ բնությանը չվնասեին:

- Ինչի՞ վրա կծախսեիր վաստակածդ առաջին միլիոնը:

- Իսկ կլինի՞ մեկ միլիոնից ավելը (ծիծաղում է – խմբ.): Օրինակ՝ 2 միլիոնը կծախսեի այսպես՝ մեր դասարանում լսողության խնդիրներ ունեցող երեխաներ կան, որոնք չունեն ապարատներ, գումարի մի մասը կծախսեի երեխաների համար ապարատներ գնելու վրա, իսկ մյուս միլիոնը՝ Hyusisyan կորպորացիայի զարգացման վրա:

- Արձակուրդ Սիլիկոնյան հովտո՞ւմ, թե՞ հանգիստ Մալդիվյան կղզիներում:

- Շատ կուզենայի հանգստանալ անտառում եւ լեռներով շրջապատված վայրում, կողքովս էլ գետ հոսեր (ծիծաղում է – խմբ.):

- ՏՏ ո՞ր հայտնի դեմքի հետ կցանկանայիր ճաշել:

- Սթիվ Ջոբսի հետ: Կհարցնեի, թե ինչպես է ստացվել iPhone-ը դարձնել նման կատարյալ սմարթֆոն: Կուտեինք սթեյք, խորոված, քյաբաբ:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի