12:28 | 28.09.17 | Նորություններ | 12453

    Լիտվական Nextury վենչուրային ֆոնդը հետաքրքրված է Հայաստանով

    ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է լիտվական Nextury վենչուրային ֆոնդի հիմնադիր եւ նախագահ Իլյա Լաուրսին։

    2013-ին հիմնված ֆոնդն օգնում է ՏՏ ոլորտի նորաստեղծ ստարտափներին` իրագործելու իրենց նորարարական գաղափարները` տրամադրելով ոչ միայն ֆինանսական, այլեւ մենթորային-խորհրդատվական աջակցություն։

    Նախարարն աջակցություն է հայտնել Իլյա Լաուրսին՝ Հայաստան այցի ընթացքում թիրախային հանդիպումներ կազմակերպելու եւ գործարար կապեր հաստատելու հարցում։

    Nextury-ի նախագահն էլ նշել է, որ Լիտվայի հայ համայնքից լսել են Հայաստանում ՏՏ ոլորտի հաջողությունների մասին եւ հետաքրքրված են՝ անձամբ ծանոթանալու հայկական տեխնոլոգիական միջավայրին, ստարտափների համար ձեւավորված էկոհամակարգին։

    Վենչուրային ֆոնդի հիմնադիրը մասնակցել է «ԱրմԹեք՛17» համաժողովին, իսկ սեպտեմբերի 29-ին կայցելի «ԴիջիԹեք Էքսպո 2017» ցուցահանդես: Նախատեսված են նաեւ այցեր ՏՏ ոլորտին առնչվող ֆակուլտետներ ունեցող բուհեր: