13:51 | 05.09.17 | Նորություններ | 25727

Ucom-ը հանդես է եկել նորարարական առաջարկով

Այսօր Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի եւ MTT ընկերության (Aiva Mobile բրենդ) գլխավոր տնօրենի տեղակալ, «Միջօպերատորական գործակցություն» բիզնես-միավորի տնօրեն Անդրեյ Աժիգիրովի համատեղ ասուլիսին հայտարարվել է նոր՝ «Ունիվերսալ Պլյուս» ծառայության մեկնարկի մասին:

Dual-SIM տեխնոլոգիայի շնորհիվ Ucom-ի բաժանորդները հնարավորություն կստանան մեկ SIM-քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական եւ ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում:

«Aiva Mobile-ի հետ մեզ հաջողվել է հայկական շուկայի համար հեղափոխական առաջարկ ստեղծել, որը Ucom-ի բաժանորդներին թույլ կտա ընդմիշտ մոռանալ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռոմինգի մասին: Հայաստանում բաժանորդները կօգտագործեն հայկական հեռախոսահամարը «Ունիվերսալ Պլյուս» հետվճարային սակագնային պլանով եւ ներառված րոպեներով կկարողանան զանգել նաեւ Ռուսաստանի բոլոր ցանցեր, իսկ Ռուսաստանում կօգտվեն ռուսական համարից «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանով եւ կզանգեն Հայաստանի բոլոր ցանցեր մատչելի սակագներով»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Այս սակագնային պլանը ստեղծվել է Ucom շարժական կապի հաճախորդների շրջանում անցկացված հետազոտության արդյունքների հիման վրա՝ հաշվի առնելով այն փաստը, որ միջազգային զանգերի 70 տոկոսից ավելին իրականացվում է դեպի Ռուսաստան:

Հայկ Եսայանի խոսքով՝ նմանօրինակ գործակցության աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ Ucom-ին դարձնելով իրապես համահայկական օպերատոր:

«Ունիվերսալ Պլյուս» հետվճարային ծառայության հետ բաժանորդները ոչ միայն ձեռք են բերում 1 SIM-քարտ 2 համարով՝ հայկական եւ ռուսական, այլեւ սակագնային պլանում ներառված րոպեները կարողանում են օգտագործել Հայաստանից Ռուսաստանի բոլոր ցանցեր զանգեր կատարելու համար: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում գտնվելիս ցանկացած համարով ստացված բոլոր մուտքային զանգերն անվճար են: Ավելին, ռոմինգում գտնվելիս բաժանորդը կարող է զանգեր ընդունել ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսական համարին:   

«Ռուսաստանը եւ Հայաստանը պատմականորեն սերտ տնտեսական եւ մշակութային հարաբերություններ են հաստատել: Հայաստանը ԱՊՀ-ում ամենազարգացած հեռահաղորդակցության շուկաներից մեկն է, ուստի բարձր որակի ծառայությունները եւ մատչելի գները, ինչպես նաեւ Aiva Mobile ցանցի ներսում ռոմինգի բացակայությունը մեծ պահանջարկ կունենան Ucom-ի բաժանորդների շրջանում»,- նշել է «Միջօպերատորական գործակցություն» բիզնես-միավորի տնօրեն Անդրեյ Աժիգիրովը:

Ռուսաստան ժամանելուն պես բաժանորդը ստանում է SMS-ծանուցում, որն առաջարկում է ընտրել Aiva-Mobile ցանցը: Հեռախոսի էկրանին հավաքելով ծառայության հատուկ USSD հրահանգը` կախված բաժանորդի գտնվելու վայրից, վերջինս ստանում է Aiva Mobile-ի մոսկովյան կամ պետերբուրգյան հեռախոսահամար: