11:34 | 05.09.17 | Նորություններ | 7790
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Սեուլի հայ համայնքի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին:
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես, հանդիպում է տեղի ունեցել Samsung ընկերությունում աշխատող հայազգի երիտասարդ մասնագետների հետ, որոնց թվում կա նաեւ Կորեայի համալսարանի տրանսպորտային անվտանգության ֆակուլտետի ուսանող:
Երիտասարդ մասնագետները նախարարին պատմել են ընկերությունում իրենց առաջխաղացման ու հաջողությունների մասին: Վահան Մարտիրոսյանը նշել է, որ պատրաստ է աջակցել, եթե երիտասարդները ցանկություն ունենան ծրագրեր իրականացնել Հայաստանում կամ նախաձեռնել ՏՏ կորպորացիաների՝ հետազոտական կենտրոնների կամ արտադրության հիմնում Հայաստանում:
Հանդիպմանը ներկայացվել են նաեւ ՏՏ ոլորտում նախարարության լիազորությունների շրջանակը, նախագծերին աջակցության մեխանիզմները:
Հանդիպման մասնակիցները խոսել են հարավկորեական ՏՏ ոլորտի զարգացումների մասին, ներկայացրել տրանսպորտի կառավարման էլեկտրոնային համակարգերի յուրահատկությունները:
Վահան Մարտիրոսյանը հայ մասնագետներին առաջարկել է համագործակցել Հայաստանի քաղաքներում տրանսպորտային հոսքի մոնիտորինգի համակարգի մշակման նախագծի շրջանակում: