10:39 | 01.08.17 | Նորություններ | 24977

«Յանդեքս.Տաքսի»-ն, «ԱԳԲԱ Լիզինգ»-ը եւ Renault-ն կհամալրեն ՀՀ տաքսոպարկերը

«ԱԳԲԱ Լիզինգ»-ը, «Յանդեքս.Տաքսի»-ն եւ Renault-ն արտոնյալ պայմաններով կհամալրեն հայկական տաքսոպարկերը Renault Logan մակնիշի մեքենաներով, որոնք ապահովված են Comfort օդափոխիչ համակարգով։

«Յանդեքս.Տաքսի»-ում նշել են, որ ծրագրի նպատակը Երեւանում եւ Գյումրիում գործող «Յանդեքս.Տաքսի»-ի պատվիրատուներին սպասարկող նոր հարմարավետ մեքենաների քանակի ընդլայնումն է:

«Երեւանում տաքսիների 95%-ի տարիքը գերազանցում է 5 տարին: Մեր ծրագիրը կօժանդակի տաքսոպարկերի մեքենաների պատեհաժամ նորացմանը՝ այդպիսով նպաստելով երթեւեկության որակին եւ անվտանգության մակարդակին: Renault-ի եւ «ԱԳԲԱ Լիզինգ»-ի հետ համաձայնագրի շնորհիվ «նավատորմի» նորացման գործընթացը տաքսոպարկերի համար առավել քան շահեկան կլինի՝ վճարելով լիզինգային գումարները այն միջոցներից, որոնք տաքսոպարկերը կվաստակեն նոր մեքենաների միջոցով»,- ասել է Հայաստանում «Յանդեքս.Տաքսի» ծառայության տարածաշրջանային տնօրեն Գեորգի Հակոբյանը:

«ՀՀ տաքսի ծառայություններին Renault Logan մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման ֆինանսավորման արտոնյալ պայմաններ տրամադրելու նպատակն է վերազինել հայկական տաքսոպարկերը նոր ավտոմեքենաներով, որոնք ոչ միայն ավելի հարմարավետ են, այլեւ ապահով: Մենք ուրախ ենք այս ծրագիրը մեկնարկել «Յանդեքս.Տաքսի»-ի հետ համագործակցության շրջանակում, որը հաջողված ներդրման օրինակ կծառայի եւ դրական ազդեցություն կունենա ամբողջ ոլորտի զարգացման վրա»,- նշել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

«Renault Ռուսաստան»-ի մամուլի ծառայությունն էլ հաղորդում է, որ հետագայում տաքսոպարկերը հնարավորություն կունենան պահեստամասեր ձեռք բերել հատուկ պայմաններով, ինչպես նաեւ անցնել Renault-ի երեւանյան պաշտոնական դիլերի ավտոմոբիլային հատուկ պատրաստում:

«ԱԳԲԱ Լիզինգ»-ն արդեն հաստատել է Երեւանի երկու տաքսոպարկերի դիմումները եւ մոտ ապագայում նրանք կստանան 25 նոր Renault Logan ավտոմեքենա, որոնք «Կոմֆորտ» սակագնով կծառայեն «Յանդեքս.Տաքսի» պատվիրատուներին:

Մինչեւ տարեվերջ գործընկերները մտադիր են տաքսոպարկերին փոխանցել ավելի քան 100 մեքենա: