16:39 | 14.07.17 | Նորություններ | 15646
«Ռոստելեկոմ»-ի եւ Երեւանի Ռուսական արվեստի թանգարանի «Արվեստը բոլորի համար» նախագծի կրթական ծրագրին հունիսի 10-ից սկսած՝ մասնակցել է Կոտայքի «ՍՕՍ մանկական գյուղ»-ի 36 երեխա:
«Ռոստելեկոմ»-ը Երեւանի Ռուսական արվեստի թանգարանի հետ համատեղ նախագիծն իրականացնում է 2016թ. վերջից, որի շրջանակում կրթական ծրագրերին մասնակցում են խնամքի կենտրոնների, մանկատների, հատուկ կարիքներ ունեցող եւ այլ խմբերի երեխաներ։
Կրթական ծրագրերը Ռուսական արվեստի թանգարանում մշակվել են թանգարանագետ-մանկավարժների, հոգեբանների եւ արվեստաբանների համատեղ աշխատանքի արդյունքում՝ նպատակ ունենալով առավել ինտերակտիվ ու մատչելի դարձնել արվեստի ընկալումը երեխաների համար։
Ծրագրի մեկնարկին «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշել էր, որ արվեստի ընկալումն ու շփումը երեխաները պետք է սկսեն դեռ մանկուց, եւ ընկերությունների պարտքն է աջակցել, որպեսզի բոլոր երեխաներին հասանելի դառնան նմանօրինակ ծրագրերը։