16:37 | 14.07.17 | Նորություններ | 8448

    Sevan Startup Summit-ին կմասնակցեն նաեւ ստարտափներ արտերկրից

    Հուլիսի 24-31-ը Սեւանում կայանալիք Sevan Startup Summit 2017 վրանային բիզնես ֆորումին կմասնակցեն ստարտափներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

    Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Sevan Startup Summit 2017-ի կրթական մասի պատասխանատու Հովհաննես Երիցյանը:

    Նրա խոսքով՝ դիմում-հայտերի 15-20%-ը եղել է արտերկրից:

    «Արտերկրից ստարտափներն ընդհանուր ընտրված թիմերի 7-ից 10 տոկոսն են կազմում: Ընտրությունը չի կատարվել ազգային պատկանելիության հիման վրա, բայց ակնհայտ է, որ հայկական ստարտափները բավական որակյալ են: Այն պահին հաստատված մասնակիցներ ունենք Վրաստանից, Կոլումբիայից, Հնդկաստանից, Գերմանիայից, ՌԴ-ից: Ամեն տարի արտերկրից մասնակիցների թիվն ավելանալու է»,- նշել է նա:  

    Հովհաննես Երիցյանը նաեւ տեղեկացրել է, որ համաժողովի շրջանակում կազմակերպվելիք վորքշոփերը կվարեն միջազգային եւ տեղացի մասնագետներ:

    «Այս պահին ունենք հաստատված 4 միջազգային փորձագետի ներկայություն: Դեռ անուններ հստակ տալ չենք կարող, իսկ ընտրության հարցում մեզ աջակցում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: Ներկա են լինելու ներդրողներ ԱՊՀ երկրներից, վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչ ԱՄՆ-ից, Բալթիկ երկրներից 2 ներկայացուցիչ: Կլինեն նաեւ ներկայացուցիչներ միջազգային խորհրդատվական կազմակերպություններից»,- տեղեկացրել է Հովհաննես Երիցյանը:

    Համաժողովի մրցանակային ֆոնդը $40 հազ. է, որը տարբեր միջոցառումների ընթացքում կբաշխվի 15 թիմերի միջեւ։ Նախատեսվում է ավելի քան $200 հազ. ներդրում Հայաստանից եւ արտերկրից հրավիրված ներդրողների կողմից։ Լավագույն 70 ստարտափները եւ 30 ծրագրավորողների թիմերը կընտրվեն դիմած 309 թիմերից։